Թուրքիայի կառավարությունը մարտի 25-ի որոշմամբ, պետականացրել է Տիգրանակերտի Սուր թաղամասում գտնվող 6300 կառույց և տարածք, որոնց շարքին է պատկանում նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:
Պետականացված կալվածքների շարքին են պատկանում նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիներ:
Սուրբ Կիրակոս եկեղեցին տարիներ շարունակ թողնված էր բախտի քմահաճույքին: Վերջին տարիներին, մեծ ջանքերի շնորհիվ այն վերանորոգվել էր և վերաբացվել:
«Ակօս»-ի թղթակիցը կապ է հաստատել Տիգրանակերտի քաղաքապետարանի Մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նևին Սոյլուքայայի հետ։ Վերջինս հայտնել է. «Սուր թաղամասում բոլոր եկեղեցիները և հիմնադրամներին պատկանող տարածքները պետականացնելու որոշումն արդեն ընդունված է: Այդ կալվածքների շարքում են նաև քաղաքապետարանին պատկանող ունեցվածքներ, որոնց համար քաղաքապետարանը որոշել է դատի տալ կառավարությանը»:
Սոյլուքայան նաև ասել է, թե անհրաժեշտ է՝ սեփականատերերը նույնպես դատական գործընթացներ սկսեն:
Թուրքիայում հիմնադրամներին առնչվող օրենսդրական փոփոխություններից հետո Պոլիսում բնակող տիգրանակերտցիները վերստեղծել էին Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը և սկսել հայկական այս սրբատեղիի վերականգնման աշխատանքները: Եկեղեցին վերականգնվել էր տարբեր երկրներից ստացված օգնությունների շնորհիվ:
Vesti.am