Մեր ադրբեջանցի հարևաններին աննկարագրելի հրճվանք են պատճառել Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի այն խոսքերը, թե իբր հայկական կողմը խնդիր ունի Ռուսաստանին 200 մլն դոլար վարկ ստանալու հարցում, որը, ըստ Սաֆարյանի, պիտի գնա զենք-զինամթերք գնելու վրա: Այս խոսքերը ազերիներին ոգևորել են ու իրենք, «վերլուծելով» իրավիճակը, գրում են, թե Սաֆարյանի խոսքերը փաստում են այն մասին, որ ՌԴ-ն հրաժարվում է Հայաստանից ու, եթե դա այդպես է, ապա պետք է դիմել ակտիվ քայլերի «ղարաբաղյան խնդիրը լուծելու համար»: Իսկ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ են ազերիները հասկանում «խնդրի լուծում» արտահայտության ետևում: Իհարկե, հետագայում Սեյրան Օհանյանը հերքեց Սաֆարյանի խոսքերը, բայց, միևնույն է, ինֆորմացիոն ականն արդեն պայթել է: Ստեղծված իրավիճակն ինքնին տհաճ է այն պատճառով, որ նույնիսկ եթե դա այդպես է ու մենք խնդիր ունենք վարկը ստանալու հետ, ապա Սաֆարյանը պիտի հասկանար, որ նրա նմանօրինակ հայտարարությունները կարող են լարվածություն առաջացնել սահմանին: Իշխանությունները միշտ «որոնում են», թե ընդդիմության ակտիվությունն է առաջացնում սահմանային լարվածություն, սակայն այս դեպքում լարվածություն կարող է առաջացնել հենց իրենցից մեկի հայտարարության պատճառով: Սակայն արի ու տես, որ սրան չի արձագանքում և ոչ ոք, նույնիսկ նրանք, ովքեր «Բաքվում անավարտ գործեր» ունեն: Պետք է գոնե ներքին կարգով հասկացնել աշխարհի ամենահարմարվող չինովնիկին, որ նա պետք է միշտ կշռադատի իր խոսքերը: Իսկ երրորդ իրողությունն այս համատեքստում այն է, որ եթե նույնիսկ Սեյրան Օհանյանը ճիշտ է ու մենք վարկը ստանալու ենք, ապա ստացվում է, որ պետության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը, ինչի պատճառով էլ ստեղծվում են նման անընդունելի իրավիճակներ:
Արսեն Գևորգյանի ՖԲ էջից