Foto

Գյումրիում եռյակ է ծնվել

Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի ավստրիական «Մոր ու մանկան հիվանդանոցում»՝ կեսարյան հատումով: Այդ մասին հայտնում է 168.am-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն, ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:

Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ և երրորդը տղան Արենը՝ 2կգ 45 գրամ քաշերով: Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝ Անի Բալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:

«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: