Foto

Մեկնարկել է «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական ծրագիրը

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպության, «Մոնակոյի հումանիտար խմբի» և «Մոնակոյի Կարմիր խաչի» համագործակցությամբ սկիզբ առած նախաձեռնության շրջանակներում 2016թ. տարեվերջին Մոնակոյի սրտաբանական կենտրոնում տեղի է ունեցել առաջին հայ մանկան սրտի վիրահատությունը, հայտնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ծրագրի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել նաև Մոնակոյի իշխանությունները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ. հուլիսին` Սրտի և կրծքավանդակի վիրահատության Մոնակոյի կենտրոնի վիրաբույժ, հայ պրոֆեսոր Արման Էկերի նախաձեռնությամբ: Կազմակերպության պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը, իսկ պատվավոր հովանավորը` ծագումով հայ երգչուհի Էլեն Սեգարան:

Նշենք, որ հայազգի հայտնի վիրաբույժ Արման Էկերը 2015թ. սեպտեմբերին այցելել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և ներկայացրել իր կազմակերպության գործունեությունը:

Կազմակերպության նպատակն է Հայաստանի խիստ անապահով ընտանիքների` սրտի բարդ պաթոլոգիաներով հիվանդ երեխաների բուժման կազմակերպումը Մոնակոյի սրտաբանական կենտրոնում, որոնց վիրահատական բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում: Երեխաների փոխադրումն իրականացնում է «Ավիացիա առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը, որից հետո նախավիրահատական և հետվիրահատական ապաքինման շրջանը վիրահատության մեկնած երեխան անցկացնում է նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքում:

Կազմակերպությունը նախատեսում է իրականացնել տարեկան մինչեւ 10 երեխայի բուժում: