Foto

Առողջապահության նախարարը կընդունի մահացած ծննդկանների հարազատներին

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին։ Նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։ Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդն առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։ Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21-­ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ-­ում արձանագրված մայրական մահացության դեպքը՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։ Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում»։