Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է լիտվական բեռնատարների հետ կապված իրադրության մասին, որոնք մնում են Բելառուսի հատուկ կայանատեղիներում, և կոչ է արել պաշտոնական Վիլնյուսին նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ԲելՏԱ»-ն։
«Լիտվայում հիմա սկսում են աղմուկ բարձրացնել։ Եթե դրանք (բեռնատարները) ընկած են ճանապարհի եզրին, գուցե դա նորմալ է Լիտվայում: Մեզ մոտ դա անընդունելի է: Մենք դրանք տեղավորել ենք կայանատեղիներում, պահպանում ենք, որ ոչ ոք չմտնի այդ ավտոմեքենաների մեջ, որպեսզի բեռը պահպանվի: Պետք չէ «հիմարաբար» գոռալ և աղմուկ բարձրացնել:
Պետք չէ ներգրավել ամերիկացիներին, ռուսներին կամ ուկրաինացիներին: Դա օգուտ չի տա: Այս թեման ընկած է մեր բանակցությունների և մեր հարաբերությունների հարթության վրա։ Մենք Լիտվայի ժողովրդի հետ միշտ համաձայնության կգանք։ Ինչպես նաև լեհերի հետ։ Նրանք մեր մարդիկ են։ Իսկ եթե ուզում եք նորմալ հարաբերություններ, նստեք բանակցությունների սեղանի շուրջը և քննարկեք այդ խնդիրները։ Մենք պատրաստ ենք դրան։ Այլ տարբերակներ չկան», – Լուկաշենկոն ասել է Անվտանգության խորհրդի նիստում։
Հոկտեմբերի վերջին Լիտվայի կառավարությունը որոշեց մեկ ամսով փակել Բելառուսի հետ սահմանը։ Պատճառը Լիտվայում մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի բազմիցս հայտնվելն էր, որոնց պատճառով ստիպված եղան փակել Վիլնյուսի օդանավակայանը։Երբ սահմանը փակեցին, պարզվեց, որ Բելառուսում՝ հարյուրավոր լիտվական բեռնատարներ չկարողացան մուտք գործել Լիտվա։
Բելառուսի կառավարությունը նախ սահմանափակեց նրանց տեղաշարժվելու հնարավորությունը, ապա որոշեց բաց թողնել վարորդներին, իսկ բեռնատարները թողնել հատուկ կայանատեղիներում։ Լիտվայի կառավարությունը որոշեց վաղաժամկետ բացել սահմանը բեռնատարների վերադարձի համար, ինչը և արվեց լույս նոյեմբերի 20-ի գիշերը, բայց խնդիրը դա չլուծեց: Մինսկը պահանջում է դիվանագիտական մակարդակով բանակցություններ, ինչին Վիլնյուսը չի համաձայնում:









