Հայաստանի կողմից ցեղասպանությունները դատապարտելու մասին նախաձեռնությունն ի ցույց է դնում, որ պատմությունը, պատմական անհերքելի փաստերը և քաղաքականությունն իրար հետ կապ չունեն, որովհետև Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել կամ դրան պատրաստակամություն հայտնել, բայց երբեք ու երբեք, մինչև 2018 թվականը, պատրաստակամություն չի հայտնել, մոռանալ իր իսկ անցյալը, հերքել իր իսկ ողբերգությունը, հանուն, դիցուք, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու կամ նմանատիպ այլ «աշխարհացունց» ձեռքբերումների համար։ Այս մասին «Հայաստանը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկմանն ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Սա խոսում է մի քաղաքականության մասին, որը կոչվում է արժանապատիվ քաղաքականություն։ Սա փաստ է նրա, որ Հայաստանի այն հայտնի սկզբունքը, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանների, դա իրոք այդպես էր և ոչ միայն Հայաստանը չէր ներկայացնում որևէ նախապայման, այլև որևէ կերպ չէր ճկվում որևէ նախապայմանի առաջ, և այդ ամբողջ ընթացքը, մինչև 2018 թվականը, հենց դրա խոսուն ապացույցն է»,-նշել է նա։
Մելքոնյանը հավելել է, որ ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, դա իր մեջ լարվածություն և նյարդ էր պարունակում, որովհետև, այնուամենայնիվ, արված էր շատ հետաքրքիր դիվանագիտական մի քայլ. այդ հարցի քննարկումը մի կողմից հիշեցնում էր Հայոց ցեղասպանության հարցը, մյուս կողմից անմիջապես, իր ամբողջ հասակով ուրվագծվում էր այդ հանցագործության պատասխանատուներից, մեղավորներից մեկին՝ Թուրքիա պետությանը։









