Foto

ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո»

Պատարագների տեքստերը գրաքննելու ու հայոց եկեղեցիները կապարակնքելուն զուգահեռ ԱԱԾ-ն զբաղված է երաժշտական գործիքներ գնելով։ Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 16 միլիոն դրամ է ծախսվել այդ նպատակով։

«Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով կատարված գնումները, պարզել է, որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Yamaha Corporation ապրանքանիշի մի շարք երաժշտական գործիքներ՝ տրոմբոններ, բարիտոններ և սաքսոֆոններ։ Առաջին գնման շրջանակում 8 միլիոն 630 հազար 970 դրամ է փոխանցվել «Ամազոն Իմպորտ» ՍՊԸ-ին, որի տնօրենը Տիգրան Վարտանովն է։

Այնուհետև գումար է հատկացվել «Սվետան» ՍՊԸ-ին՝ երաժշտական հենակալներ և նոտաների ամրակալներ ձեռք բերելու համար։ Ըստ փաստաթղթերի՝ ընկերության տնօրեն Իվետտա Գլուշանյանը ԱԱԾ-ին տրամադրել է 23 հենակալ, որոնց համար վճարվել է 344 հազար 908 դրամ։

Բացի այդ, 7 միլիոն 955 հազար դրամ է փոխանցվել «ՌՎ պրոջեկտս» ՍՊԸ-ին, որի ղեկավարն է Ռաիսա Վարդանովան։ Այս գումարով ԱԱԾ-ը ձեռք է բերել ևս մի շարք գործիքներ՝ 1 սաքսոֆոն, 5 շեփոր, 1 բարիտոն և 5 կլարնետ։ Գործիքները նույնպես Yamaha Corporation ապրանքանիշի են, որը համարվում է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը երաժշտական գործիքների շուկայում։