Foto

Այս իշխանությունն իր շուրջ հավաքում է միայն ուխտադրուժների, որպեսզի կարողանա իր վերջին օրերը քարշ տա մինչև հունիս ամիսը. Մխիթարյան

1988 թվականից ի վեր, առաջին անգամ, ուժայինները, որոնք նույնպես զոհեր ու շիրիմներ ունեն, այսօր չեն կարողանալու գնալ իրենց հարազատների շիրիմներին, որովհետև մի խեղկատակ որոշել է շոու կազմակերպել գյումրեցիների համար ողբերգական այս օրը, News.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

«Այսօր այդ գյումրեցի պարեկները, ոստիկանները, ԱԱԾ-ի ներկայացուցիչները չեն կարողանալու այցելել գերեզման։ Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մարդիկ այցելել են իրենց հարազատների շիրիմներին, հետո էլ՝ պատարագի մասնակցել։ Այսօր տեսնում ենք այդ ուժայիններն ինչ պատարագի են մասնակցում՝ փակ, կաղապարված եկեղեցում։ «Յոթ Վերք» եկեղեցին թուրքական երկու օկուպացիայի է դիմացել, երբեք դռները փակ չեն եղել։ Այսօր դռները փակել են, որպեսզի մարդամեկը գա ու իր գրպանային «տերտերները» Կաթողիկոսի անունը զեղչած կրկեսային ներկայացում իրականացնեն։ Աստծուց գտնեն իրենց պատիժը»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Նա ասաց, թե շատ ուրախ է, որ Շիրակի թեմի հոգևորականները ոգու ամրություն են դրսևորել և մնացել են եկեղեցական կանոնի մեջ։

«Այս իշխանությունն իր շուրջ հավաքում է միայն դավադիրների, ուխտադրուժների, որպեսզի կարողանա իր վերջին օրերը քարշ տա մինչև հունիս ամիսը»,-ասաց Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հոգևորականներին, ովքեր համաձայնել են Փաշինյանի համար պատարագ մատուցել և չհնչեցնել Վեհափառ Հոր և Շիրակի թեմի առաջնորդի անունները։