Եվս մեկ քրեական գործ, ևս մեկ հետապնդում․․․ ֆեյսբուքի ակտիվ օգտատեր, գործարար Արթուր Ղազարյանը գրել է․ «Իշխանության հրահանգով իմ դեմ նոր քրեական գործ է հարուցվել շատ ծիծաղելի հոդվածով՝ խուլիգանություն, և դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 17:00-ին, տեղի կունենա դատական նիստ, որում պետք է քննվի Քննչական կոմիտեի միջնորդությունը իմ նկատմամբ նոր հետախուզման և կալանքի մասով։ Հիշեցնեմ, որ դեռ 2019 թվականին նույնն արել էին, որին ի պատասխան Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չեղարկել էր այդ հետախուզումը ՌԴ տարածքում։ Սա ևս հաշված ժամերի ընթացքում կչեղարկվի»։
MediaHub-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը և 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործությունը: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ինչո՞ւ են որոշել կալանավորել Արթուր Ղազարյանին։ Ի՞նչ է արել Արթուր Ղազարյանը և ո՞ւմ է «ջղայնացրել»․ MediaHub-ը փորձեց հասկանալ իրադարձությունը։
Արթուր Ղազարյանը գործարար է, ՌԴ քաղաքացի, նա նշում է, որ Հայաստանի արևմտամետ իշխանությունները չեն համակերպվում այն պայքարին, որը նա է ընտրել։ «Այո՛, ես պայքարում եմ իրենց դեմ հենց արևմտյան գործիքակազմով՝ օգտագործելով արհեստական բանականությունը և Facebook-ը»,- գրել է նա։
MediaHub-ին Ղազարյանը պատմեց, որ քրեական գործերի շղթան իր դեմ սկսվել է դեռ 2019թ-ին։
«Եթե այսօր դատ պիտի լինի, ապա նույն դատարանում պետք է լիներ և Ստյոպա Սաֆարյանի գործը։ Սա երկրորդ քրեական գործն է, կա նաև առաջինը, ամենը սկսվեց դեռ 2019 թ.-ին, երբ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում կատարեց Վլադիմիր Պուտինի դեմ, իսկ Դանիել Իոաննիսյանն էլ առաջարկ արեց՝ կալանավորել Վլադիմիր Պուտինին, որպես քաղաքական ակցիա, սուպերմարկետից մեկ տուփ պահպանակ էի պատվիրել, առաքել էին Ստյոպա Սաֆարյանի և Դանիել Իոաննիսյանը աշխատասենյակներ: Դրանից հետո՝ Սաֆարյանը բողոք է ներկայացրել, որ ես իրեն սպառնում եմ, գրառում է կատարում իր էջում՝ հրապարակելով իմ նկարը, որում կա իմ կինը և անչափահաս իմ երեխան, ինչին ի պատասխան նա ստացավ համարժեք հայհոյանքներ։ Նույն օրը Ստյոպա Սաֆարյանն արդեն ներկայացնում է բողոք իմ դեմ, թե ես իբրև սպառնացել եմ իրեն: Դանիել Իոաննիսյանին էլ եմ հայհոյել, նա դատի է տվել, և դատը հաղթել է, բանն այն է, որ Իոաննիսյանի դեպքում քրեական չէր, իսկ Սաֆարյանի դեպքում քրեական է»,- նշեց Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ Սաֆարյանը ցուցմունք է գրել, որ ոչ միայն հրապարակավ է Ղազարյանը հայհոյել, այլ նաև թե իբր սպառնացել է «Messenger»-ով։
«Ես Ստյոպա Սաֆարյանի հետ ընդհանրապես շփում չեմ ունեցել, այսինքն կեղծ ցուցմունք է։ Պահանջել էի Ստյոպա Սաֆարյանին կա՛մ հրապարակել փաստ, որ ես իրեն սպառնացել եմ, այդ դեպքում ներողություն կխնդրեի, ինքնակամ կգայի Հայաստան, կհանձնվեի իրավապահ մարմիններին, կամ ուղիղ եթերով ներողություն խնդրեր կեղծ ցուցմունք տալու համար: Ստյոպա Սաֆարյանը, բնականաբար, դա չարեց, նա կեղծ իր ցուցմունքը տանում է առաջ։ Սաֆարյանը գնաց երկրորդ դիմում ներկայացրեց իմ դեմ, որ ես, օգտագործելով արհեստական բանականություն, հայհոյախառը նյութեր եմ սարքում, ես դա չեմ էլ հերքում, շարունակելու եմ անել, ես ես պայքարում եմ իրենց դեմ հենց արևմտյան գործիքակազմով՝ օգտագործելով արհեստական բանականությունը և այլ գործիքներ»,- ասաց գործարարը։
Ղազարյանը նշեց, որ դեռ 2019 թ-ից հետախուզման մեջ է, 2019 թ-ի հետախուզումը ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ չեղարկվել է ՌԴ-ի տարածքում, ըստ գործարարի՝ հետախուզումը չտվեց արդյունք։ Նա նշեց, որ ՌԴ դատախազությունը հարցում էր արել առաջին գործով, նշելով, որ ներկայացնեն փաստեր, որ Ղազարյանը սպառնացել է ՀՀ քաղաքացու, որ իրեն դատեն ՌԴ-ի տարածքում, սակայն դա մնաց անպատասխան։
Ղազարյանը նշեց, որ այս ընթացքում ո՛չ իրավապահ համակարգից, ո՛չ Ստյոպա Սաֆարյանը կապ չեն հաստատել իր հետ, չնայած իր հեռախոսահամարը դրված է իր իսկ էջում։
«Այս դեպքում Ստյոպա Սաֆարյանին օգտագործեցին որպես գործիք, այս գործերը կապված են այն բանի հետ, որ ես ֆեյսբուքում ունեմ որոշակի չափի հետևորդներ, և պրոռուսկան թևն եմ առաջ տանում»,- նշեց Ղազարյանը։









