Foto

Հռոմի պապն ավարտում է իր եռօրյա այցը Լիբանան

Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտում է Լիբանան կատարած եռօրյա այցն՝ այսպիսով եզրափակելով իր առաջին արտասահմանյան ուղևորությունը որպես կաթոլիկների առաջնորդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Vatican News-ը հաղորդում է, որ Վատիկան մեկնելուց առաջ Հռոմի պապը լուռ աղոթել է 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում, 200-ից ավելի զոհերի հիշատակին։ Աղոթքին ներկա են եղել զոհերի հարազատները և պայթյունից հետո ողջ մնացածները՝ պահելով իրանց հարազատների նկարները։ Աղոթելուց հետո Հռոմի Լևոն XIV պապը մոտեցել ու ողջունել է նրանցից մի քանիսին։

Այնուհետև քահանայապետը սկսել է պատարագ մատուցել քաղաքի ափամերձ հատվածում։ Ըստ նախնական հաշվարկների՝ դրան ներկա է շուրջ 100 000 մարդ։

Հռոմի պապը կոչ է արել Լիբանանի առաջնորդներին շարունակել խաղաղության ջանքերը՝ նախորդ տարի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև տեղի ունեցած ավերիչ պատերազմից և Իսրայելի շարունակական հարվածներից հետո։

Ավելի վաղ Հռոմի պապը, հանդիպելով Լիբանանի բազմաթիվ տարբեր կրոնական աղանդների առաջնորդների հետ, կոչ է արել նրանց միավորվել՝ վերականգնելու երկիրը տարիներ տևած հակամարտությունից, քաղաքական կաթվածից և տնտեսական ճգնաժամից հետո, որոնք հանգեցրել են միգրացիայի ալիքների։ Նա կոչ արել է քրիստոնյա, սուննի և շիա մուսուլման, ինչպես նաև դրուզ առաջնորդներին ցույց տալ, որ տարբեր ավանդույթներ ունեցող մարդիկ «կարող են միասին ապրել և կառուցել հարգանքի և երկխոսության միջոցով միավորված երկիր»։

Նախքան Լիբանան այցը Հռոմի պապը գտնվում էր Թուրքիայում, որտեղ նրա մասնակցությամբ պատարագ է մատուցվել Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում։