Ինդոնեզիայում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 659-ի, ևս 475 մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Рress-ը (AP):
Ըստ գործակալության՝ մի շարք երկրների իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 1230 մարդ, նրանցից 659-ը՝ Ինդոնեզիայում։
Հարավարևելյան Ասիայում տարերային աղետից տուժել է նաև Շրի Լանկան, որտեղ զոհվել է 390 մարդ, ինչպես նաև Թաիլանդը, որտեղ զոհվածների թիվը հասել է 181-ի։
AP-ի տվյալներով՝ երեք երկրում անհետ կորած է 800 մարդ, այդ թվում՝ առնվազն 475-ն՝ Ինդոնեզիայում։
Նշվում է, որ Ինդոնեզիայում, որն ամենից շատ է տուժել, փրկարարները դժվարությամբ են հասնում Սումատրա կղզու գյուղերին, որտեղ ճանապարհները ողողված են, իսկ կամուրջները՝ քանդված։ Տեղական իշխանությունները գործի են դրել ուղղաթիռներ և նավակներ, սակայն պաշտոնատար անձինք նշում են, որ վատ եղանակը և ավերված ենթակառուցվածքները դանդաղեցնում են փրկարարական աշխատանքները։
«Դիտվա» ցիկլոնը, որը երկարատև անձրևներ էր բերել տարածաշրջան, ձևավորվել է նոյեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և հզորության բարձրակետին է հասել նոյեմբերի 29-ին։ Քամու արագությունը կազմել է 20,8 մ/վրկ։ Ցիկլոնը նոյեմբերի 30-ին թուլացել է։









