ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արարատի մարզում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ավտոմեքենայի վարորդը 2022 թվականի մայիսի 8-ին «Աղքիլիսա» կոչվող հատվածով ընթանալիս հաշվի չի առել ճանապարհին հարակից տեղանքի թերությունների և ոչ հարթ լինելու հանգամանքները և ընտրելով երթևեկության այնպիսի ռեժիմ, որը չի ապահովել իր վարած տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը, բարձունքը բարձրանալիս չպահպանելով իր կողմից վարվող ավտոմեքենայի նկատմամբ վերահսկողությունը, կողաշրջվել է։
Պատահարի հետևանքով վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող ուղևորը մահացել է:
Վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։









