Foto

Ոսկու գինը պատմական ռեկորդի է հասել

Ոսկու գինը որոշվում է ոչ թե Հայաստանում, այլ՝ միջազգային շուկայում, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոսկու գնի բարձրացմանը, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ ոսկու գնի վրա ազդում են տարբեր գործոններ. «Ներկայումս համաշխարհային շուկայում ոսկու գնի վրա էական ազդեցություն ունեն բացասական սպասումները՝ հնարավոր պատերազմների, սանկցիաների վերաբերյալ։ Ներդրողները, խոշոր գումար ունեցողները, զգուշանալով հնարավոր սանկցիաներից, իրենց գումարները տեղափոխում են ոսկու ակտիվներ, որը, ըստ իրենց, ավելի քիչ ռիսկային է։ Սա է ընդհանուր միտումը»։

Տնտեսագետը նշում է՝ իրավիճակն էլ ավելի է սրվել ռուսական ակտիվների սառեցումից հետո, երբ ՌԴ-ն ձեռք էր բերել մոտ 150 մլդ դոլարի չափով արևտյան պարտատոմսեր, իսկ դրանք ներկայումս սառեցված են, դա բացասական ազդակ դարձավ մնացած երկրների համար. «Կամաց-կամաց երկրները դիվերսիֆիկացնում են իրենց ներդրումները՝ հրաժարվելով արևմտյան պարտատոմսերին գումարներ ներդնելուց, դրա փոխարեն գնում են ոսկի։ Հատկապես Չինաստանն այդ առումով բավականին ակտիվ քայելր է իրականացնում»։

Մյուս գործոնը, որը, ըստ Պարսյանի, էական ազդեցություն է թողել ոսկու գնի վրա, ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնց մեջ քանակությամբ ոսկի է օգտագործվում և դա էլ իր պահանջարկն է ստեղծում շուկայում։

Հարցին՝ հնարավո՞ր Ամանորից հետո գնային փոփոխություն լինի, ոսկու գինն իջնի, մասնագետը պատասխանեց. «Այս պահին շարունակվում են տնտեսական պատերազմների, բախումների հավանականությունը և գործընթացները։ Եթե պայմանական ստորագրվի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիրը, դա կարող է թուլացնել ընդհանուր իրավիճակն ու սպասումները։ Եվ դա կարող է իր ազդեցությունը թողնել գների իջեցման վրա։ Եթե չստորագրվի, կարող է այդ մթնոլորտը պահպանվի։ Այս պահին կանխատեսում անելը շատ դժվար է, բայց ակնհայտ է, որ այս պահին բավակական սպասումներ կան։ Ի դեպ, քանի դեռ այս մթնոլորտը պահպանվում է, ոսկու նկատմամբ պահանջարկը ևս կավելանա, գինն էլ՝ կբարձրանա»։

Տնտեսագետը շեշտեց՝ ոսկու գնի բարձրացման պատմական ռեկորդ է. «Օրինակ Հայաստանում 99 պրոբ ոսկին 50 հազարի շեմն արդեն անցել է։ Համեմատության մեջ ասեմ, որ սեպտեմբերի նկատմամբ մոտ 20 տոկոս ավելի թանկ է։ Սա, իսկապես, ոսկու շուկայում բավականին կտրուկ աճ է։ Այդ աճն իր ազդեցությունն է թողնում նաև ոսկյա զարդերի շուկայում։ Եվ այդ դեպքում պահանջարկը, առևտուրը նվազում են և ոսկերիչներն ու վերավաճառողները լուրջ կորուստներ են ունենում։ Նրանց հույսը նախատոնական գնումներն են, բայց ակնհայտ է, որ այս պահին նախատոնական գնումները նույնպես քիչ են լինելու նախորդ տարիների համեմատ»։