Foto

Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։

II. Անվտանգության կուտակման շերտեր

Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը։

Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական տրամաբանությունը կենտրոնացած է հաղորդակցությունների՝ Արևելքից դեպի Արևմուտք զարգացման վրա։ Օբյեկտիվ հայացքն անմիջապես տեսնում է, որ նման քննարկումը մեզ պարտադրվում է, քանի որ այն ունի բացառապես թյուրքական աշխարհաքաղաքական մոտիվացիա, և նման օրակարգի ի հայտ գալը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում 2018 թվականին նոր էջ բացելուց ի վեր ձախողված քաղաքականության ուղղակի հետևանք է։

Մինչդեռ, ձևավորված ավանդական տնտեսական հարաբերություններն ու կապերը, ինչպես նաև դրանց զարգացման ռազմավարական ներուժը Հայաստանի կայունության և բարեկեցության համար, պետք է առաջնահերթ դարձնեն մեր ջանքերը Հյուսիս-Հարավ ուղղությամբ։

«Կուտակային անվտանգության» դոկտրինի աշխարհաքաղաքական շերտը պետք է կառուցվի ոչ թե բլոկների մերժման, այլ՝ բլոկային անդամակցության գործոնը որպես նվազագույն հենակետ ընդունելու և զուգահեռ՝ նոր բազմակողմ և երկկողմ կապերը որպես լրացուցիչ արժեք օգտագործելու հմտության վրա։
«+1 և ոչ թե -1» սկզբունքը·

Արտաքին քաղաքականությունը և պաշտպանական ռազմավարությունը կառուցված են փոխլրացման, այլ ոչ՝ բացառման տրամաբանության վրա. Հայաստանը չի խզում հին կապերը, այլ աստիճանաբար ավելացնում է նորերը։ Համագործակցության յուրաքանչյուր նոր վեկտոր (Իրան, Հնդկաստան, Չինաստան, BRICS և ԵԱՏՄ երկրներ, ԵՄ) ամրապնդում է անվտանգությունն ու տնտեսական հեռանկարները՝ ոչ թե փոխարինելով, այլ ընդլայնելով եղածները։

Ուստի․

Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել որպես ռազմավարական, և մեզ համար ողջամիտ է հասկանալ և ելնել այն իրողությունից, որ այս իրավիճակը չի փոխվի տեսանելի ապագայում։ Ռուսաստանը կարող է և կձգտի ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ «+1»-ի տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք այս ձգտումներին։ Ռուսաստանն ունի և կարող է մատակարարել նոր զենքեր և սարքավորումներ։ Տարօրինակ կլիներ չօգտվել այս հնարավորություններից։

Իրանի հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է լինի պրագմատիկ, հավասարակշռված և բարեկամական մոտեցումը։
Այս բոլոր հարաբերություններն արհեստականորեն փոփոխելու ծրագրերը, այդ թվում՝ արևմտյան ազդեցության կենտրոններին հաճոյանալու ցանկությամբ, անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մեր ազգային շահերի հստակ և անկեղծ մեկնաբանությամբ այս հարաբերություններում:

Շարունակելի

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար

ՀՀ ԱԺ պատգամավոր