Foto

Ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլև ռուս դասականների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ


      ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։

undefined
    Փառատոնի ծրագրում ընդգրկված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։
Նոյեմբերի 14-ին ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց, որ փորձել են ընդլայնել փառատոնի սահմանները։ Հենց այդ նպատակով են ընտրել Shakespeare & Co խորագիրը։
 «Ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլև ռուս դասականների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ։ Հրաշալի են Մոլդովայից «Քեռի Վանյան», Ռումինիայի և Հունգարիայի ներկայացումները, լեգենդար «Ճայը», որի ճակատագիրը բարդ էր, մոտ 3 տարի այն բեմում չէր։ Տարիներ առաջ Բուտուսովը հյուրընկալվել էր Շեքսպիրյան փառատոնին, որոշել էինք, որ պետք է վերականգնի ներկայացումը և բերի Հայաստան»,-ընդգծեց Բալյանը։

undefined
 Չնայած Բուտուսովի անժամանակ մահվանը, չեն հրաժարվել այդ գաղափարից։ Ներկայացումն այժմ վերականգնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը։
Բալյանի խոսքով` Շեքսպիրի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու «Փոթորիկ»-ը, «Ամառային գիշերվա երազ»-ը, «Մակբեթ»-ը։
«Մշակույթը զարգացնելու համար անհրաժեշտ է տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, մշակույթի տարբեր ուղղություններով առաջ գնալ։ Կարևոր է ճանաչել նորը։ Թատերասեր հասարակությանը, թատերական գործիչներին պետք է օրինակներով ցույց տալ, թե ինչպես է հնարավոր հասնել բարձր արվեսին, իսկ պետությունը ցանկանում է ֆինանսավորել միայն բարձրորակ նախագծերը»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

undefined
   Նշանավոր ներկայացումներից են` Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի
Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների
«Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։
    Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի լեգենդար «Ճայը» ներկայացումը։
 «Ճայը» «Սատիրիկոն» թատրոնում ցուցադրվել է ավելի քան տասը թատերաշրջան և այդ ամբողջ ընթացքում գլխիվայր շրջել է թատրոնի մասին ցանկացած, նույնիսկ ամենաառաջադեմ պատկերացումները։
     Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և հատուկ հանդիպում կլինի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Նա ռուսական ժամանակակից թատրոնի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, ով մեծ ավանդ ունի թատերական արվեստի զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում Ռայկինը կկիսվի իր փորձով և ստեղծագործական սկզբունքներով, որոնք ձևավորել են «Սատիրիկոնը» որպես առանձնահատուկ երևույթ թատերաշխարհում։
   Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ կանցկացվի թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ. կբեմադրվի Վ.Շեքսպիրի «Փոթորիկը»:
    Ներկայացումները կցուցադրվեն տարբեր թատերական հարթակներում, կարող եք ծանոթանալ ծրագրով:
 Հիշեցնենք, որ փառատոնի տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Կարո Բալյանը։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն տալիս տեսնելու բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից: