Foto

Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան

ԱԺ ամբիոնից այսօր երկրի առաջին դեմքը հայտարարել է, որ Հայաստանում գործում է գործակալական ցանց՝ կուսակցության տեսքով։ Պետք է ենթադրել, որ ԱԱԾ-ն նման տեղեկություն է տվել երկրի առաջին դեմքին, որից հետո պետք է հաջորդեին քրեական գործերը՝ ունենալով ապացուցողական հիմք։

«Եթե ասվում է՝ կա գործակալական ցանց եկեղեցու և կուսակցությունների տեսքով, պետք է քրեական գործեր բացվեն, իսկ եթե դրանք չբացվեն, ապա նորմալ երկրում կառավարությանն անվստահություն կհայտնեին»,–«ՓաստԻնֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ նկատելով, որ մեզ նորմալ երկիր դժվար է անվանել։ Նրա արձանագրմամբ՝ բազմաթիվ են երկրի իշխանությունների կողմից նման անպատասխանատու և չփաստարկված «տեղեկությունների» շրջանառության մեջ դնելը։

«44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի ղեկավարը հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս ու հրապարակավ հայտարարում, որ պատերազմի ժամանակ եղել են դավաճանության դեպքեր ու դավաճաններ։ Հետո հետաքննության նյութերը ուղարկվում են արխիվ։ Այսինքն՝ ապացուցված է, որ եղել են դավաճանության դեպքեր, բայց քրեական գործեր հարուցված չեն։ Նորմալ երկրներում կառավարությանը անվստահություն կհայտնեին։ Սա նույն ժանրից է՝ եթե այս հայտարարությանը չհետևեն կոնկրետ գործողություններ, որոնք ունեն կոնկրետ ապացուցողական հիմք, ապա կարելի է ասել, որ կառավարությունը տապալել է երկրի անվտանգության ապահովման գործընթացը»,–նշել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը հիշում է նաև մեկ այլ դեպք, երբ նախկին պատգամավորը հայտարարում էր, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները Հայաստանում օգնում են հակահետախուզական ծառայության կայացմանը։ Սա նշանակում է, որ այդ երկրների օժանդակությունը ստացող ծառայությունը աշխատելու է այդ երկրների համար՝ այլ երկրների դեմ։

«Եթե այս հայտարարությունից հետո կառավարությունից արձագանք չկա, դա նշանակում է, որ հենց կառավարությունն է զբաղվում, որ երկրում լինի գործակալական ցանց, և այս դեպքում ոչ թե եկեղեցու կամ կուսակցության, այլ հակահետախուզական ծառայության տեսքով»,–նկատում է Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետն իր զարմանքն է հայտնում Փաշինյանի այն հայտարարության վրա, թե ինքը չի հանդուրժելու «խորհրդարանում կամ սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանցերը»։

«Վարչապետի այս հայտարարությունը Սահմանադրության կոպտագույն խախտում է, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եթե կան նման ուժեր, ապա դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և ունենան ապացուցողական հիմք։ Եթե վարչապետն է ասում, թե ովքեր պիտի լինեն խորհրդարանում, դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է։ Թե ով կլինի խորհրդարանում, որոշում է ժողովուրդը ընտրության միջոցով։ Եթե կան նման ուժեր, որոնք պետք է չհանդուրժել խորհրդարանում, դա համապատասխան ծառայությունների գործն է, ոչ թե վարչապետի»,–ասել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը քաղաքական աճպարարություն է անվանում վարչապետի քայլերը և հավելում, որ գործող կառավարությունը, լինելով խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժ, վստահ չէ իր ուժերի վրա։ Վախենում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել ընտրությունները, ուստի փորձում են անօրինական մեթոդներով՝ ուժային եղանակով վերաարտադրվել՝ հետևելով Ռումինիայի կամ Մոլդովայի օրինակին։Ստեփան Դանիելյանը նաև նշում է, որ սա Հայաստան է, որը գտնվում է այլ աշխարհագրական գոտում, ու նկատում, արդյոք իշխող ուժը ունի բավարար ռեսուրս այս երկրների տարբերակով առաջնորդվելու համար։

«Երբ գործող վարչապետը կոչ է անում փակել դատարանների մուտքը, շրջափակել Սահմանադրական դատարանը, ծեծել դատավորներին, դրանից պարզ է՝ Հայաստանը իրավական պետություն չէ։ Հետևաբար, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,–եզրափակել է Ստեփան Դանիելյանը։