ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրություններն այն մասին, թե Երևանը հրաժարվում է ռուսական հացահատիկից: Նա հայտարարել է, որ ԱՀԾ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել է, որ Հայաստանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով հացահատիկի մի մասը Կիևից։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունեն։ «Դուք գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են իրականացվում։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Հուսով ենք՝ այս համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։









