«Հրապարակ» թերթը գրում է.
Օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները երեկ հերթով ընդունել են ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպաններին: Ուշագրավ է, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն առանձին է ընդունել, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` առանձին։ Սիմոնյանի հանդիպման հաղորդագրությունում ասված է․ «Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները»: Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ «Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին», իսկ Ռուբեն Ռուբինյանի ռելիզում գրված է․
«ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռ. Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը»։ «Տպավորություն է, որ Դուք եւ Ալեն Սիմոնյանը խռով եք իրարից` ինչո՞ւ եք նույն մարդկանց հետ նույն օրը առանձին-առանձին հանդիպում»,- հարցրինք Ռուբինյանին։
«Բայց մենք տարբեր ձեւով ենք հանդիպում, չէ՞, Ալեն Սիմոնյանը՝ որպես ԱԺ նախագահ, ես` որպես փոխնախագահ կամ ՀՀ-Թուրքիա բանագնաց։ Կամ, օրինակ, Սարգիս Խանդանյանը որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, այնպես որ, չստացվեց․․․»,- ասաց նա: Նույն օրը դեսպանների նույն կազմը նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել:









