Foto

Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին. Տեր Գաբրիելը՝ Ռուբեն Ռուբինյանին

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը դիմել է եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին, ով երեկ հերթական գրառումն էր արել ընդդեմ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի։

««Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարհանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:

Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեք կարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության և բովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք Սուրբ Էջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումը վերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին:

Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար «Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6):

Մասնավորապես, ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար»,- նշել է Տեր Գաբրիելը։