Foto

ԱԺ հանձնաժողովը «դակում» է վարկը՝ վարկի վրա

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին, որն, ըստ էության, շուրջ 92 մլն եվրո վարկ ներգրավելու մասին է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Խոսքը 92.3 մլն եվրո վարկի մասին է: Այս վարկի ներգրավմանը զուգահեռ արդեն ունենք պայմանավորվածություն, որ 16 մլն դոլար գրանտ է ներգրավվելու նույն հիմնադրամից, որը գերթիրախային է, դա ծառայելու ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը»,-ասաց Էդուարդ Հակոբյանը:

Վարկի մարման ժամկետը 22 տարի է, որից 8 տարին՝ արտոնյալ: 

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել նաև Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրին, որով Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: 


«Խոսում ենք 100 մլն դոլար վարկի մասին: Սա ծրագիր է՝ տնտեսության ներուժի բարձրացման ուղղությամբ: Դրա ներքո իրականացվելու են բարեփոխումներ, որոնք ուղղված են տնտեսության ներուժի բարձրացմանը»,-ասել է փոխնախարար Էդուարդ Հակոբյանը::

Վարկը տրամադրվում է 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում: