Հանրակրթական
դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828
թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում»
ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։
ՀՀ
ԿԳՄՍՆ–ից հայտնել են, թե դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ
հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում
կիրականացվի փոփոխություն։ Խոսքը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում
հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի և երկու այլ պատմաբանների հեղինակած
դասագրքի մասին է։
Հիշեցնենք,
որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ
աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների
քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար
Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:
ԿԳՄՍ
նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից,
այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ
աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան
Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։
Դասագրքի
6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: ՌԴ ԱԳՆ-ն
երեկ հայտարարություն է տարածել, նշել, թե ակնկալում է, որ Հայաստանի
իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր
դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները
Հարավային Կովկասում»։
«Հուսով
ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքի հայտնվելը
դպրոցներում, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման
արատավոր փորձերի վրա»,- ասված է ուղերձում։
ՌԴ ԱԳՆ-ն
ընդգծել է, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ
փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն
ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև
ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորներին»: «Նման ձևակերպումների
ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման հարցում
Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին»։ Այսպես,
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի
19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ
միասնական մոտեցումները, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման
դեմ»,-նշել էին ԱԳՆ-ից։
Ըստ
երևույթին, ԿԳՄՍՆ-ն և նրա վերադաս Փաշինյանը, շառից-փորձանքից հեռու, որոշել են այս
հարցում դեռ չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։