Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հունիսի 12-ի բախումների գործի քննությունը։ Դատարանը կալանքից ազատել է գործով չորս մեղադրյալի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվել է, ընտրվել է վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Սակայն հանրային մեղադրողներն առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք է առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, իսկ 1-ը՝ զանգվածային անկարգության։ Նրանք մեղքը չեն ընդունում։
Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։ Այս գործն էլ, ինչպես քաղաքական ենթատեքստով ցանկացած այլ գործ, ի վերջո, փլուզվելու է և այդ փաստը հասկանում է նույնիսկ իշխանությունը։ Այդուհանդերձ, խնդիր է դրված հնարավորինս երկար տանջել ընդդիմադիրներին, ամիսներ շարունակ պահել կալանքի տակ, զզվեցնել, որպեսզի չշարունակեն վարչախմբի դեմ իրենց պայքարը։
Ուշագրավը դատավորի որոշումն էր, որ հակասում է դատախազների պահանջներին։ Ըստ էության,
դատարանն էլ է հասկանում գործի անհեռանկարայնությունը և փորձում է
ձեռքերը լվանալ փաշինյանական հերթական ապօրինությունից։