Ի՞նչ է արվում անձրևատար համակարգում նկատված խնդիրների լուծման
ուղղությամբ։ Հարցը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ
բարձրացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խնդիրն ակտուալ է դրաձել, երբ վերջին տեղումների ընթացքում մայրաքաղաքում կրկին գրանցվել են փողոցներում, անցումներում, ստորգետնյա անցումներում, կամրջային հատվածներում, նույնիսկ մետրոպոլիտենում մակերևութային ջրերի ներթափանցման բազմաթիվ դեպքեր։
«Հաշվի առնելով քաղաքային հեղեղատար, մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ այո, հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։ Բակային տարածքներում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության՝ տարբեր տարիների ընթացքում, և գործում է գրեթե 40 տոկոսով: Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը գրեթե չի գործում: Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես գոյություն չունի հեղեղատար համակարգ, կազմում է 18,8 կմ: Երևանի տարբեր հատվածներում՝ 29 հասցեներում, բացակայում է հեղեղատար համակարգը, որի կառուցման կարիքը կա: Մնացած 7,2 կմ-ը բաժին է ընկնում այն հատվածներին, որտեղ հեղեղատար համակարգը կա, բայց ենթակա է վերակառուցման, քանի որ նախ ֆիզիկական վիճակը լավ չէ, երկրորդն էլ՝ թողունակությունը չի բավարարում»,- ասաց քաղաքապետի խորհրդկան Կամո Արեյանը։
Անդրադառնալով այս հարցում «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու
դերին՝ Արեյանը նշեց․ «Ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, մաքրման պարբերականությունը
պետք է մեծանա, քանի որ այս հեղեղատար անձրևների ընթացքում բերվածք է գալիս և նստում
անձրևընդունիչ համակարգի վրա, որի մաքրումը արդեն նույնիսկ շաբաթական հաճախականություն
է պահանջում, ուստի խնդիր ենք դրել որ առավելագույնս ուշադրություն դարձվի այս համակարգին
և անձրևընդունիչ ցանցը մաքրվի ավելի մեծ հաճախականությամբ։ Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության
հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում,
մաքրման հաճախականությունը պետք է մեծանա»,- ասաց Արեյանը:
Կամո Արեյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս
թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագրի
վերանայումը։
«Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ: Փոխվարչապետը
հանձնարարել է բոլոր կողմերին՝ ներկայացնել առաջարկություններ։ Մեր առաջարկությունները՝ 6 կետով, ուղարկվել են: Սպասում ենք կրկնակի քննարկման՝ ՀԾԿՀ-ի հետ»,– ասաց նա։
Արեյանը նաև տեղեկացրեց, որ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական
է գնահատել նաև ՀԾԿՀ-ն:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Լավ կլիներ՝ այսօր լսեինք
«Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ինչպես հասկանում ենք, չենք լսելու»:
Երևանի քաղաքապետարան-«Վեոլիա ջուր» դեբատն անվերաջանալի է, դրա մասին բոլորը գիտեն։ Ի դեպ՝ սա հարմարավետ է երկու կողմին էլ. քաղաքապետարանը մեղքը բարդում է ընկերության վրա, ընկերությունն էլ հակառակն է անում։ Ամեն դեպքում ինչպես Ավինյանն, այնպես էլ քաղաքացիները ցանկանում են լսել «Վեոլիա ջուր» ընկերության տեսակետը։
Vesti.am կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության Մարդկային ռեսուրսների
կառավարման վարչության պետ Կարինե Դավթյանի հետ, ով թերևս հազվադեպ է պատասխանում լրատվականների զանգերին։
Հարցրիք, թե արդյո՞ք
ընդունում են քաղաքային իշխանության նկատառումները և ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել
ակնհայտ թերացումները վերացնելու համար։
Խոսնակը նախ լսեց հարցը, ապա ասաց, որ նկարահանման է, չի կարող խոսել և, որ հարցերը գրավոր ուղարկենք։ Գրավոր հարցումներին «Վեոլիա ջուր» ընկերությունը պատասխանում է օրենքով սահմանված 5-օրյա ժամկետից ուշ։ Vesti.am-ի այն դիտարմանը, որ քաղաքապետարանում այսօր բարձրացրած հարցի մասին օրեր անց խոսելը օպերատիվ լրատվության տեսանկյունից տեղին չէ, Դավթյանը պատասխեց, որ, միևնույն է, Vesti.am-ի հարցի պատասխանը չունի և չի կարող արձագանքել՝ կրկին առաջարկելով գրավոր տարբերակը։
Ընկերությունը, փաստացի,
աչքի է ընկնում ոչ միայն քաղաքապետարանի առջև ստանձնած պարտավորությունների թերացմամբ,
այև՝ լրատվականների հետ աշխատանքում։
Անպատասխանատու աշխատանքի
մասին է խոսում նաև այն, որ ընկերությունը պայմանագիր ունի նաև բնակիչ-բաժանորդների
հետ, որով պետք է մշտական ջրամատակարարում ապահովի, սակայն մի օր արթնանում է և որոշում
է 00։00 ժամից մինչև առավոտյան 07։00-ն անջատել մի ամբողջ վարչական շրջանի ջուրը (օրինակ՝
Ավան վարչական շրջանը մասիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն այդ գրաֆիկով է սպասարկվելու)։
Ամռան օրերին, վերանորոգման
աշխատանքներով պայմանավորված, օրեր շարունակ ջրանջատումներ են։









