Քանիցս խոսել ենք այն մասին, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են և աշխարհաքաղաքական բևեռները դրանք հաճախ դիտարկում են մեկ ընդհանուր պրիզմայով։
Վստահաբար կարող ենք փաստել, որ Վրաստանում տեղի
ունեցող գործընթացները սիմետրիկորեն կապված են մեզ մոտ տեղի ունեցողի հետ․ իսկ այս ամենի երկրորդ
փուլին ականատես կլինենք աշնանը, երբ Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Ասել է թե՝ Հայաստանում քաղաքական գործընթացների թերևս վերջնական փուլի մեկնարկը լինելու
է աշնանը, չնայած՝ «Սրբազան շարժումն» իր ինստիտուցիոնալացման և լայն կոնսոլիդացիայի
թեման շարունակում է պահել որպես ներքաղաքական գործընթացների թիվ մեկը (ի դեպ՝ պետք է
արձանագրենք, որ այս տարվա ներհայաստանյան գործընթացների վրա ազդող մի քանի դրվագներ կան՝ ՌԴ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները ու Վրաստանի
պառլամենտականը)։
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական անցուդարձը ցույց է տալիս, որ այս փուլում ԱՄՆ-ի կողմից խաղադրույքն Ադրբեջանի վրա՝ տրամաբանական է թվում, քանի որ ՀՀ-ն իր կողմից գործընթացի համար Արևմուտքին անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնում է: Ուստի ԱՄՆ-ը Ադրբեջանին գրավելու ժեստ է անում ՝ փորձելով սիրաշահել, հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարելով Ադրբեջանի առանցքային դերակատարության մասին։ Հավելենք, որ Հարավային Կովկասում Արևմուտքի հիմնական հենարանը Հայաստանն է, որն ամբողջովին տրվել է և թույլ է տալիս իր հետ վարվել ու վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են։
Հայ-ադրբեջանական ուղղության կարևորությունն ԱՄՆ-ի համար այս փուլում թերագնահատելը բարդ է, քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Վրաստանի ուղղությամբ նոր խնդիրների են բախվե: Դա կարող է երկարատև համակարգում պահանջել։ Այն նպատակներն ու ծրագրերը, որն Արևմուտքն ուներ Վրաստանի մասով, փաստացի ձախողվել են և խառնել խաղաքարտերը, իսկ ՌԴ-ն, ընդհակառակը, հանգիստ ու դանդաղ, ինչպես բնորոշ է ռուսական քաղաքական գծին, գնում է առաջ։ Բացի դրանից, պետք է փաստենք նաև, որ ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ներկայումս մտել են եզրափակիչ փուլ․ նախօրեին Հաջիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հայտարարությունների թեման գործընթացի արագացման մասին է վկայում․ այս ամենին պետք է հաջորդի ճանապարհների, միջանցքների բացումը։
Հատկանշական է, որ Արևմուտքի գծած ծրագրի հիմնական ու բաղձալի
նպատակն է, որ տարածաշրջանում առկա շահագրգիռ կողմերը հնարավորինս մեկուսացվեն, որից հետո
աստիճանաբար կնվազի նրանց դերակատարությունն ու ազդեցությունը: Տվյալ դեպքում խոսքը
վերաբերվում է Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին։ Հենց այդ պատճառով Իրանի առաջարկն
Ադրբեջանին, ըստ որի, Նախիջևան կարող են հասնել իրանական տարածքով, շարունակություն
չունեցավ, քանի որ չստացավ Արևմուտքի հավանությունը։
Վերջում մի շատ առանցքային դիտարկում․ հարավկովկասյան
տարածաշրջանում ԱՄՆ-ն ոտուձեռ է ընկել և փորձում է ամեն կերպ
իր ծրագիրն ավարտին հասցնել մինչև աշուն՝ նախագահական ընտրություները, և հարկավոր է ամեն ինչ հասցնել ցանկալի ավարտին: Սակայն, ինչպես ցույց են տալիս տարբեր
«էքզիթ փոլերի» տվյալները, Ջո Բայդենի վերընտրվելու հավանականությունը բավական ցածր
է, իսկ Թրամփն այս հարցում այլ պլաններ ունի։
Արմեն Հովասափյան









