ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
արդեն շատ կոնկրետ արդյունքներ տալիս է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել
է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա մասնավորապես նշել է․ «ԵՄ-ն աջակցում
է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Տնտեսական ներդրումների ծրագրով արդեն 600 մլնից
ավելի ներդրվել է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, որոնք բավական երկար
ժամանակ պլանավորվում էին, բայց հիմա կարծում եմ՝ արդեն դառնում են իրականություն:
ԵՄ-ն միշտ օգտագործում է իր գործիքակազմը, միգուցե, ոչ միշտ շատ արդյունավետորեն, որովհետև
դա նաև այլ գործընկերներից է կախված: Բայց մենք փորձում ենք առավելագույնս արդյունք
ստանալ մեր գործիքակազմից, որպեսզի խթանենք խաղաղությունը, բարեկեցությունը, կապակցվածությունը
և իրավունքահենք միջազգային կարգը: Ինձ համար այս տարրերը միևնույն գործընթացի մաս
են կազմում»:
ԵՄ առաքելությունը Հայաստան բերելուց առաջ ՀՀ իշխանությունը հայտարարում էր, որ այդ անզեն 200 հոգին (թիվն հետագայում ավելացվել է) մեր անվտանգության երաշխավորը պետք է լինեն։ Նրանց մուտքը Հայաստան չի ողջունել մեր ոչ մի հարևան պետություն՝ Իրանը նույնիսկ նեղացածության ժեստեր արեց, Ալիևն էլ մի քանի ամսով էր համաձայնել, իսկ մեր դաշնակից Ռուսաստանը՝ նրանց մուտքն ընդունեց չափազանց անհաշտ։ Իրապես, ցանակցած քայլ, որը միտված է պետական շահին՝ կարելի է անտեսել բոլորին, բայց այն դեպքում, երբ գտածն ավելին է, քան կորցրածը։
ՀՀ-ի սահմանին ԵՄ առաքելության տեղակայման ընթացքում ադրբեջանցիները Ջերուկի հատվածից մխրճվել են, տասնյակ զոհեր և վիրավորներ ենք ունեցել, իսկ ՀՀ-ի սուվերեն տարածքի օկուպացիան հասել է 300 քառ․ կմ-ի։ Ադրբեջանն ամենօրյա կամ, երբեմն էլ, ամենշաբաթյա ռեժիմով ստում է, թե իբր հայկական ԶՈՒ-ն կրակ է բացել այս կամ այն դիրքի ուղղությամբ, իսկ ԵՄ դիտորդները հազվադեպ են հայտարարում դրա կեղծ լինելու մասին։
Հիմա էլ ԵՄ դեսպանն ասում է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում արդեն
շատ կոնկրետ արդյունքներ տալիս է ու տևական ժամանակ պատմում, որ տնտեսական ներդրումներ
են արվում, իսկ ի՞նչ առաջընթաց է գրանցել բուն դիտորդական առաքելությունը՝ առարկայական ոչ մի խոսք։
Իր խոսքի վերջում, անդրադառնալով խաղաղության բաղադրիչին, նշում է, որ փորձում
են իրնեց ունեցած գործիքակազմից մաքսիմալ արդյունք ստանալ։ Իհարկե, կարելի է թերահավատ լինել, քանի որ չկա ցանկալի արդյունք։ Բայց եթե
դեռ նոր են փորձում, ապա ինչո՞ւ են հայտարարում,
որ առաջընթաց կա։
Հավանաբար շատերը կհիշեն ԵՄ առաջին զեկույցը, երբ նախորդ տարի բառացի հայտարարվեց,
որ եթե մինչև գարնան ավարտը պատերազմ չսկսի, ապա իրենք իրենց առաքելությունը կհամարեն
կատարված։ Տեսնես, հիմա ի՞նչ ցուցիչ են դրել, եթե 600 մլն-ից ավելի ներդրում լինի,
ապա իրենց առաքելության գործունեության մասին Գինեսի ռեկորդների գրքո՞ւմ գրեն։
Սրանք հենց այն փաթեթավորումներն են, որ Արևմուտքը, ՀՀ իշխանության հետ համատեղ, վաճառում է հայ հասարակության վրա և համոզում, որ դաշնակցային ոչ մի բաղադրիչ մեզ
հարկավոր չէ։ Իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տնտեսկան գործառույթ ունի՞։ Որևէ
մեկն այս հարցը չի հնչեցնում։









