Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։









