Foto

Ես չեմ պատկերացնում մի հայ, որ մոռանա Ղարաբաղյան խնդիրը․ Արա Աբրահամյան

Այսօր կայացավ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  համաժողովը, որի ընթացքում  ոլորտային խմբի ղեկավարները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները։ «Արարատյան Ալյանս»-ը Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվությունն է,  ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ։ 

«Արարատյան Ալյանս»-ի ծրագրերի այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ  ինստիտուտի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի և Սփյուռքի հայրենասեր բոլոր ուժերի և մեր բարեկամների արդյունավետ համագործակցության սուր անհրաժեշտությունը՝ նպատակ դնելով համախմբել և կասեցնել այն քայքայիչ գործընթացը, որոնք մեր աչքի առաջ տեղի է ունենում մեր հայրենիքում։ 

«Արցախը երբեևիցե չի եղել Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունը դա չի հասկանում։ Մենք պետք է կարողանանք բացատրել մեր բարեկամ և ոչ բարեկամ երկրներին  և ցույց տանք այն փաստաթղթերը,  այն պատմությունը, որ մենք ունենք, որպեսզի այդ  մարդիկ, որոնք մեզ չեն օգնում՝ գոնե չխանգարեն։  Մենք միշտ Ադրբեջանի ասածներն ենք վերլուծում, բայց մենք մերը չենք ասում։ Այսօր մեզ պետք է, որ կարողանանք պահպանել խաղաղություն, այսօրվա մեր նպատակն է ունենալ ծրագիր, որոնցով կառաջնորդվենք։ Ես չեմ պատկերացնում մի հայ, որ մոռանա Ղարաբաղյան խնդիրը և այլ բան մտածի»,- ասաց Արա Աբրահամյանը։



Հեղինակ: Թամարա Աբրահամյան