Ինչպես հայտնի
է ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստան հայ-ռուսական
դիվանագիտական հարաբերությունների
հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Պաշտոնական այցից հետո Փաշինյան-Պուտին բանակցությունների
արդյունքում տարածվեց համատեղ հայտարարություն՝ կազմված 30 կետից, ստորագրվեցին մի
շարք փաստաթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Հատկանշական է,
որ ավելի վաղ պաշտոնական Կրեմլն այս այցը հատուկ նշանակության իրադարձություն էր որակել
ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո սա
դեպի ՌԴ առաջին արտասահմանյան պաշտոնական բնույթի այցն էր, որին ռուսական կողմը տրամադրված
էր հավելյալ հնչեղություն տալ՝ հաշվի առնելով ՌԴ աշխարհաքաղաքական մեկուսացումը: Ի
դեպ՝ մոտ մեկ ամիս առաջ նույն առիթով Մոսկվայում էր Իլհամ Ալիևը, որի հետ հանդիպման
արդյունքում ստորագրվեց ռուս-ադրբեջանական 43 կետ պարունակող դաշնակցային գործընկերության
մասին հռչակագիր:
Ըստ էության,
կարող ենք նշել, որ հայ-ռուսական բանակցությունները բովանդակային նորություններ չէին
պարունակում: Փաստացի, այս այցի հետաքրքրությունը դրա արդյունքում տարածված երկկողմ
հայտարարության ծավալն էր, որն ամփոփում էր երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտորը՝
առանց նորությունների: Երկրորդ հետաքրքիր նրբերանգն այն է, որ այս այցն Ուկրաինայի
շուրջ դրամատիկ զարգացումների ֆոնին առաջին օտարերկրյա այցն էր, որի նկատմամբ հետաքրքրությունը
մեծ էր թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, քանի որ Արևմուտքն աշխատում է նաև այն երկրների
ուղղությամբ, որոնք դիտարկվում են ռուսական ազդեցության գոտում, ուստի ակնկալում է
տեսնել խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Բոլորս ենք տեսնում,
թե ինչպես է ԵՄ-ն այս օրերին աշխատում Հարավային Կովկասում Ղարաբաղյան կարգավորման
գործընթացի ուղղությամբ՝ փորձելով կարգավորման գործընթացը դուրս բերել ռուսական ազդեցության
գոտուց: Ի դեպ՝ հատկանշական է, որ այս գործընթացներում ՌԴ-ն մեծ խնդիրներ կարծես չի
տեսնում ու մի շարք ուղղություններով ՌԴ-ն ու Արևմուտքը համակարգված ընթանում են, խնդիրներ
չստեղծելով միմյանց համար, թեև չի բացառվում, որ որոշակի փուլում դրանք առաջանան: Ըստ
էության, ներկայումս և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն ձգտում են, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարությունն
իրագործվի, իսկ ԵՄ-ն փորձում է զբաղվել, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրով»:
Գաղտնիք չէ, որ
ՌԴ-ն Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպումներից հետո տարածված տեքստերով այնուամենայնիվ
հաստատեց իր գերակա դիրքերը տարածաշրջանում, իհարկե, կան նաև խնդիրներ, որոնք կդիտարկվեն
ըստ հարմարության և ժամանակի, որոնք կապված են խաղաղապահ կոնտինգենտի և մի շարք այլ
հարցերի հետ: Միանշանակ է, որ այս պահին ՌԴ-ն լիովին կենտրոնացած է ուկրաինական ուղղության
վրա, և այս դեպքում եվրասիական գործընկերներին չի խառնում իր խնդիրներին Արևմուտքի
հետ, հասկանալով, որ իրավիճակն այլ քաշային կատեգորիայում է, ու կարիք չկա աջակցություն
ակնկալել այլ երկրներից, ՌԴ-ն ցույց է տալիս, որ դրա կարիքը չունի:
Հավելենք նաև,
որ այս ընթացքում Հայաստանն իր հերթին՝ ակտիվացրել է շփումները Արևմուտքի հետ և կրկին
օրակարգ է վերադարձել աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ թեման:
Ընդհանուր առմամբ՝
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգային լարվածությունն Արցախում,
դրան գումարած Արցախի հարցում դիվանագիտական գործընթացը թույլ է տալիս ենթադրել, որ
եղել են անդրադարձներ այս թեմաներին, սակայն հրապարակային տեղեկատվությունը ոչինչ չասող
էր: Վստահաբար կարող ենք փաստել, որ միանշանակ է, որ փակ դռների ետևում Փաշինյանն ու
Պուտինը շատ ուշագրավ թեմաներ են քննարկել:
Հետևելով ընդհանուր
վերադասավորումների գործընթացին՝ կարող ենք փաստել, որ ներկայումս գոյություն ունեցող
աշխարհաքաղաքական կենտրոններն աստիճանաբար որոշակի կախվածություն են սկսում ձեռք բերել
կարևոր ռեգիոնների երկրների ներքին քաղաքականությունից:
Արմեն Հովասափյան









