ՀՀ-ում տեղի ունեցող
քաղաքական իրադարձությունները վկայում են առաջիկայում սպասվող նոր իրողություններով,
և, ինչպես և կարելի էր կանխատեսել, այս ամենն ամենափայլունը գիտակցում են օրվա իշխանությունները,
որոնք փորձում են սեփական ապագայի և իշխանության պահպանմանն ուղղված տարբեր սցենարներ կյանքի կոչել։
Բնականաբար սա
հրաշալի գիտակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջին շրջանում փորձում է նախ ինքը ներկայանալ զոհի դերում, ապա դա տարածել
պետության վրա՝ Հայաստանն ու Արցախը ներկայացնելով որպես ողջ աշխարհի կողմից մերժված
միավորներ, որոնց ստիպում են «իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը»։
Ակնհայտ է, որ
այս և բազմաթիվ այլ արտահայտություններով Փաշինյանը ցանկանում է կերտել անօգնականի,
խեղճի կերպար, ով հակապետական ու հակաազգային քայլերի է գնում ճարահատյալ՝ այլընտրանք չունենալով։ Սակայն իր այդ երկարաշունչ
ելույթներում նա ոչ մի խոսք չի ասում այն մասին,
որ եթե անգամ այդ վիճակն իրական է, եթե անգամ աշխարհը դուրս է եկել Հայաստանի դեմ,
ապա դրանում մեղքի մեծագույն բաժին ունի անձամբ ինքը, ով իշխանության գալու առաջին
շաբաթներին Եվրոպայի սրտում հոխորտում էր եվրոպացիների վրա, իսկ Երևանի սրտում արհամարհում
էր ՌԴ ղեկավարությանը։
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Փաշինյանն ամբողջովին ազնիվ է,
չի կեղծում ու այս թատրոնը չի փորձում ծառայեցնել սեփական ճղճիմ նպատակներին ու առաջնորդվում
է բացառապես ազգային շահերով այնքան, որ հուզվում է այդ մասին իր ելույթներում։ Եթե
դա այդպես է, ու իսկապես աշխարհն իրեն «սեղմել է պատին», ապա այդ իրավիճակից ելք, այդուհանդերձ,
կա և դա ոչ միայն այն պատճառով, որ անգամ փիլիսոփայական հարթությունում այլընտրանք
միշտ կա, այլ նաև՝ որովհետև քաղաքականության մեջ կան գործիքներ, որոնք հնարավորություն
են տալիս հաղթահարել անայլընտրանք թվացող իրավիճակները։
Եթե խոսենք կոնկրետ
այս դեպքի մասին, ապա արցախյան հիմնախնդրի ու Ադրբեջանի հետ ստորագրվելիք պայմանագրի
հետ կապված հարցերում պետության համար լավագույն ելքը կլիներ, ինչպես ընդունված է ասել,
բանակցողի փոփոխությունը։ Սա կարևոր է նրանով, որ դա դասական, դասագրքային գործիք է,
ինչը հնարավորություն է տալիս առնվազն ժամանակ շահել։
Սա նշանակում
է, որ եթե Նիկոլը չի կեղծում, որ իրավիճակն իսկապես անայլընտրանք է, որ ինքն այլ ելք
չունի, քան համաձայնել նվաստացուցիչ պայմաններով խաղաղությանը, ապա նա իրականում կեղծում
է, քանի որ հենց այդ իրավիճակից լավագույն ելքը կլինի սեփական հրաժարականը։ Դա Հայաստանին
ու Արցախին կտա նվազագույնը ժամանակ, ինչն էլ իր հերթին՝ հնարավորություն կտա մոբիլիզացնել
համազգային ռեսուրսները և փորձել իրավիճակից դուրս գալ ավելի նպաստավոր պայմաններով,
քան այսօր առաջարկում է նույն Նիկոլը։
Որքան էլ դաժան
է, բայց հենց այստեղ էլ վեր է հառնում Փաշինյանի մեծագույն արատը, որը գուցե անգամ
նրա համար նույնպիսի ողբերգություն է. իշխանությունը
նրա համար դարձել է կյանքի-մահու հարց, նա առանց իշխանության չի պատկերացնում սեփական
կյանքը, ու հանուն Հայաստանի և Արցախի պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից։
Պետք է փաստենք,
որ վերը նշվածի պատճառներից մեկն էլ այն է, որ Փաշինյանն անցած չորս տարիներին, բայց
հատկապես՝ պատերազմի ընթացքում ու դրանից հետո, անցել է այնքան «կարմիր գծեր», որ վախենում
է ընդհուպ սեփական կյանքի համար։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր այսօր զբաղվում են քաղաքականությամբ,
պարտավոր են Նիկոլ Փաշինյանին անվտանգության գործնական ու իրական երաշխիքներ ներկայացնել,
թեև քիչ է հավանականությունը, որ դա կարող է փոխել իշխանության նկատմամբ նրա վերաբերմունքը։
Ամփոփելով ընդգծենք,
որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ունի Հայաստանն ու Արցախը փրկելու վերջին
հնարավորություն, և դա կարող է տեղի ունենալ նրա հրաժարականի դեպքում։ Այստեղ է, որ
առաջանում է հաջորդ տրամաբանական պնդումը, թե արդյոք պատրա՞ստ
է Փաշինյանը հաղթահարել սեփական արատն ու ողբերգությունը միաժամանակ։ Տվյալ պարագայում
կարող ենք նշել, որ, ըստ ամենայնի, ո՛չ, բայց պետության
ճակատագրով մտահոգ բոլոր անհատներն ու խմբերը, ընդ որում, առաջին հերթին՝ իշխանության
մեջ գտնվողները, պետք է փորձեն Նիկոլին հասկացնել, որ առանց իշխանության ևս կա կյանք,
և, որ հրաժարականը ոչ թե դատավճիռ է, այլ փրկություն։ Ամենակարևորը, որ այդ հրաժարականը
փրկություն է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։
Արմեն Հովասափյան









