Գաղտնիք ասած չենք լինի,
եթե նշենք, որ այս օրերին բիզնեսին և հատկապես փոքր ու միջին բիզնեսին դժվար օրեր են
սպասվում։ Կառավարության նախաձեռնությամբ խստացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրողների
նկատմամբ կիրառվող տուգանքները, հայտնի դարձավ, որ դրանք կսկսեն գործել արդեն այս ամսվա
վերջից կամ հաջորդ ամսվա սկզբից։ Հավելենք, որ մինչև հիմա առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու
դեպքում տուգանքը 150 հազար դրամ էր, երկրորդ անգամ՝ 250 հազար։ Հարկային օրենսգրքում
կատարված վերջին փոփոխությունից հետո առաջինը վերանում է, երկրորդը՝ կրկնապատկվում։
Ըստ այդմ` ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում շրջիկ առևտրի կետերը, անհատ ձեռնարկատերերը,
կազմակերպությունները, ինչպես նաև մի շարք այլ հարկատուներ, առաջին խախտման դեպքում
կնախազգուշացվեն, երկրորդի դեպքում՝ կտուգանվեն 500.000 դրամի չափով։
Հավելենք նաև, որ խստացվել
են նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնները խախտելու համար կիրառվող
պատժամիջոցները։ Այս դեպքում էլ տուգանքը կլինի 200 հազար դրամ և հարկատուի բոլոր հսկիչ-դրամարկղային
մեքենաներով նախորդ եռամսյակում արձանագրված ընդհանուր շրջանառության 0,5 տոկոսը։ Տուգանքը
կարող է հասնել ընդհուպ մինչև 10 մլն դրամի։ Հարկային մարմնին վաճառքի և մատուցված
ծառայությունների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում էլ տնտեսվարողները
կտուգանվեն 5 միլիոն դրամով ու բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված
շրջանառության 1 տոկոսի չափով։
Ըստ էության, դժվար չէ պատկերացնել,
թե փոքր, նույնիսկ միջին բիզնեսի համար ինչ է նշանակում 500 հազար դրամի տուգանքը՝
չհաշված մյուս ֆինանսական պատժամիջոցները։ Ինչպես հայտնի է՝ շատ հաճախ այդ բիզնեսը
չնչին եկամուտներ է ապահովում և լուծում է պարզագույն սոցիալական խնդիր։ Դրանով մարդիկ
հազիվ կարողանում են հոգալ իրենց ընտանիքի ապրուստը, իսկ հիմա ստիպված են լինելու մտնել
հարկային ավելի ծանր մամլիչի տակ։ Անկասկած նման տուգանքները շատերի համար հավասարազոր
են լինելու բիզնեսի փակմանը։
Միանշանակ է, որ ասվածը
չի նշանակում, թե արդարացնում ենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելն ու շրջանառությունները
թաքցնելը։ Բայց դա նաև չի նշանակում, որ առանց այդ երևույթի պատճառները պատշաճ գնահատելու,
պետք է գնալ այդպիսի խստացումների։ Անկասկած լավ օրից չէ, որ բիզնեսը նման ռիսկի է
դիմում, խուսափում է կտրոն տրամադրել կամ շրջանառություններն ամբողջությամբ ցույց տալ։
Պարզապես հակառակ պարագայում, գործող հարկային օրենսդրության ու հարկային բեռի պայմաններում,
աշխատելը շատերի համար անիմաստ ու անհնարին կդառնա։ Նրանք ի վիճակի չեն լինի շարունակել
իրենց գործունեությունը։ Պատահական չէ, որ խոշորները գնալով խոշորանում են, իսկ փոքրերը՝
սեղմվում ու ավելի փոքրանում։
Ասվածի մասին է վկայում
նաև ՏՄՊՊՀ կատարած վերջին ուսումնասիրությունը։ Այդ ուսումնասիրության արդյունքները
մեկ անգամ ևս հաստատում են, որ վերջին տարիներին խոշոր առևտրային ցանցերի ճնշման տակ
շարունակաբար նվազում է սպառողական և գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կրպակների
և այլ առևտրային փոքր օբյեկտների մասնաբաժինը մանրածախ առևտրում։ Սրանից փոխարենը հետևություններ
անելու՝ ավելի են բարդացնում փոքր բիզնեսի կյանքը։
Եթե փորձենք ավելի անկեղծ
լինել պետք է նշել, որ ՀԴՄ-ների շահագործման կանոններին ու կտրոններին ներկայացվող
պահանջները խստացնելուց առաջ, էլ ավելի նպատակահարմար կլիներ պայմաններ ստեղծել, որպեսզի
փոքր բիզնեսը կարողանար գոյատևել խոշորների կողքին։ Այլապես նման խստացումները միայն
ի վնաս այդ բիզնեսի են լինելու, քանի որ դրանք դուրս են մղվելու շուկայից ու իրենց
տեղը զիջեն խոշոր առևտրային ցանցերին, որոնք առանց այդ էլ հասցրել են իրենցով անել
դաշտը։ Դրա մասին են վկայում հրապարակված թվերը։ Պաշտոնական վիճակագրության հրապարակած
վերջին տվյալներով, մանրածախ առևտրի գրեթե 79 տոկոսը բաժին է ընկնում խոշոր խանութներին։
Այնինչ՝ փոքր առևտրային օբյեկտներինը՝ ընդամենը 15,6 տոկոս է։ Մեկ տարի առաջ կրպակային
առևտուրն ընդհանուր առևտրի 1,7 տոկոսն էր, այս տարի՝ դարձել է 1,6 տոկոս։
Ընդգծենք, որ երկարաժամկետ
հատվածում այս փոփոխություններն ավելի ակնառու են։ Ու դրանք ցույց են տալիս, որ փոքր
բիզնեսը չի կարողանում դիմանալ խոշորների ճնշմանը։ Նման իրավիճակում հարկավոր է մտածել
փոքրերի պաշտպանության մասին և ոչ թե այնպես անել, որ նրանք ընդհանրապես դուրս մղվեն
դաշտից։ Խստացումներ անելուց առաջ, պետք էր միջոցներ ձեռնարկել նրանց վրա հարկային
բեռը թուլացնելու համար։ Այդ բեռն է, որ շատերին ստիպում է ռիսկի դիմել։ Այլ տարբերակ
չունենալով՝ բիզնեսը գնում է դրան՝ գոյություն պաշտպանելու համար։
Ամփոփելով նշենք, որ այս
ամենից կարող ենք եզրակացնել, որ կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի, բայց
դա չի նշանակում, թե այդ խնդիրը պետք է լուծել սոցիալական բիզնեսի հաշվին։ Բյուջեի
մուտքերի ապահովումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել, հակառակ դեպքում՝ նման նախաձեռնությունների
հետևանքները կարող են տխուր լինել՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ տնտեսական առումով։
Միանշանակ է, որ այսօր կառավարության խնդիրը պետք է լինի բիզնեսին, առավել ևս՝ փոքր
բիզնեսին աջակցելը, և ոչ թե՝ նոր դժվարություններ հարուցելը, բայց դատելով այս քայլերից՝
դա իշխանությանը քիչ է հետաքրքրում։ Եվ սա բոլորովին էլ միակ նախաձեռնությունը չի լինելու,
որը ծանրացնելու է այդ բիզնեսի կյանքը։
Արմեն Հովասափյան









