Foto

Երբ համառորեն անցյալից դասեր չեն քաղում

Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցում նշեց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա։ Հետաքրքրական է, որ Մարուքյանը, ոչ վաղ անցյալում՝  պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 12-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապիտուլացիա ստորագրած առաջնորդն այևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։ Նույն հարցազրույցում Մարուքյանը պնդում է, որ երբ պատերազմից առաջ՝ մայիսի 7-ին ԱԺ-ում Փաշինյանի հետ սուրճ էր խմել, հարցրել էր՝ արդյո՞ք պատրաստվում են հողերը հանձնել,  և պատասխան է ստացել, որ նման բան չկա։ Եթե այդպես է և քաղաքական «կռուտիտ» չկա, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Մարուքյանը՝ իմանալով, որ հողեր չեն հանձնել, այլ պարտվել ենք, փաստաթուղթը համարում էր կապիտուլացիա, իսկ հիմա ասում է, թե կապիտուլացիա չէ։ Թեև այստեղ այնքան էլ այդ փաստաթղթի անվանումը չէ էականը, որքան դրա՝ արդեն կիրառվող կարգավիճակը։ Այդ տարբեր անվանումներ ունեցող փաստաթղթի ստորագրումից հետո առանց մեկ փամփուշտ արձակելու թշնամուն է հանձնվել Շուշին, Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, Սանասարը և Կավսականը։ Սա պետության տարածքի հանձնո՞ւմ է, թե՞ ոչ։

Էդմոն Մարուքյանը թեև ժամանակին չմիացավ «Հայրենիքի փրկության շարժմանը», սակայն ասում էր, որ նրանց կողքին է, բայց պայքարի այդ ձևն իր համար ընդունելի չէ։ «Լուսավոր Հայաստանը» նշում էր, որ իրենց պայքարը խորհրդարանում է, սակայն շատ հեշտությամբ լքեցին դաշտը և հեռացան։  

Ժամանկին Էդմոն Մարուքյանն ասում էր, որ ինքը կլասիկ քաղաքական գործիչ է։ Պարո՛ն Մարուքյան, կլասիկ քաղաքական գործիչը միշտ հավատարիմ է լինում իր տեսակետներին, գաղափարներին, իսկ Դուք հատուկ հաձնարարություններով դեսպան աշխատելու համար, մոռացաք և դավաճանեցիք Ձեր իսկ տեսակետներին և ամենայն ճշգրտությամբ կատարում եք այդ հանձնարարությունները՝ ետևում թողնելով Ձեր երբեմի մատնանշած սկզբունքները։

Հ․Գ․ Ժամանակին նույն կերպ վարկաբեկվեց մեկ այլ քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը, երբ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոլալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ։ Հիմա հարց՝ ո՞ւր է այդ կուսակցությունը, ի՞նչ դեր ունի նրա առաջնորդը քաղաքական դաշտում։

Հ․Գ․Գ․  Պարո՛ն Մարուքյան, հիմա Ձեզ առաջարկվող գինը հայրենիքն է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան