ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան
Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Մակագրումն արվել է
ապրիլի 18-ին։ Թեև Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր,
որ ստացել են դատական գործերի էլեկտրոնային մակագրաման համակարգը և այն պետք է օրերի
ընթացքում գործարկվեր՝ այնուամենայնիվ, դեռ շարունակվում են ձեռքով մակագրումները։
Այս գործը, Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանի խոսքով, կրկին մակագրվել է դատարանի նախագահի
կողմից՝ ձեռքով։ Հետաքրքրական է, որ բոլոր
աղմակահարույց գործերը մակագրվում են արդեն այդ բոլոր գործերից հայտնի, ամենաշատ կալանքի
որոշում կայացրած դատավոր Մարտիրոսյանին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի
վարկանիշը դատավորների գնահատման համակարգում
-1 է։ Այս համակարգում գնահատելու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Այս դատավորի
որոշումներից շատերը բեկանվել են վերին ատյաններում։ Նրա որոշմամբ 2008թ քաղաքացի Նիկոլ
Փաշինյանը դատապարվել էր ազատազրկման, իսկ վերջերս ՄԻԵԴ-ը դա համարեց անձին ապօրինի
ազատությունից զրկել և գլխավոր դատախազի նախաձեռնությամբ էլ Վճռաբեկ դատարանն արդարացրեց
գործով բոլոր առանցքային մեղադրյալներին։ Դե, իհարկե, չի կարելի պնդել, որ ժողովրդավարության
բաստիոն երկրում, որտեղ դատական համակարգն առաջընթաց է գրանցում, հնարավոր է միտումնավոր
մակագրում։ Այս ամենից ելնելով հարց է առաջանում՝ այդ ինչպես է ստացվում, որ դատարանի
նախագահը հասասրակական հնչեղություն ունեցող նման գործը մակագրում է հենց այս դատավորին,
ով հավանաբար պատրաստ է կայացնել ցանկացած որոշում միայն թե նախկինում գործած «մեղքի» համար իրեն ներեն և թողնեն, որ աշխատի նույն պաշտոնում։
Հիշեցնենք, որ օրեր
առաջ ավարտվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող
ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և այլ ենթադրյալ
չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որով Հովսեփյանը
մեղադրյալ է։
Հակակոռուպցիոն կոմիտեն
հաղորդում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել
է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ
2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված
արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.
Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին
արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված
ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված
առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով
նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող
ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն
ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի
հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների
համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում`
2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել
են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան
Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերության կառավարմանը,
վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին
պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ
անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել
է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար
անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման
և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:
Աղվան Հովսեփյանը մեադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում
են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ և պահանջում են այդ առիթով
քրեական գործ հարուցել:









