Foto

ԵՄ-ն Ուկրաինային ևս 500 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ-ն կմեծացնի ուկրաինական բանակի ֆինանսավորումը ևս 500 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում։
«ԵՄ-ն 500 մլն եվրո կավելացնի ռեսուրսներին, որոնք արդեն մոբիլիզացվել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Ուկրաինայի համար՝ այդպիսով եռապատկելով սկզբնական բյուջեն մինչև 1․5 մլրդ դոլար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ հաջորդ մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային՝ նրա հողն ու ժողովրդին հետագա տառապանքներից պաշտպանելու համար։

ԵՄ-ն Ուկրաինա կուղարկի անհատական պաշտպանության միջոցներ, դեղատուփեր և վառելիք, ինչպես նաև պաշտպանական տեսակի մահաբեր զինտեխնիկա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել էր շարունակական աջակցությունն ամերիկյան կողմից։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի օգնության հատկացման մասին, որը կներառի հրետանային համակարգեր, զրահափոխադրիչներ, ուղղաթիռներ։