Foto

Մեղսունակության բացիլ

Համաձայնեք՝ այն պետությունը, որի ղեկավարի յուրաքանչյուր հրապարակային խոսք ենթակա է ոչ թե քաղաքական, այլ հոգեվերլուծական գնահատման ու մեղսունակության ստուգման, չի կարող ոչ միայն զարգացման հեռանկար ունենալ, այլ՝ անգամ ապահովել ընթացիկ գոյությունը։ Հատկապես, որ այդ ղեկավարի ելույթների քաղաքական գնահատականները լավագույնս տալիս են թշնամական պետության լրատվամիջոցները՝ իրենց գլխագրերում։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ելույթներից հետո մեղսունակության ստուգման առումով ադրբեջանական լրատվամիջոցներն ու հայ մասնագետները լռում են։ Մինչդեռ դա շատ ավելի կարևոր է, քան որևէ հայտարարության քաղաքական գնահատական կամ հետևանք։ Որովհետև հենց մեղսունակության առկայությունը կամ բացակայությունը, խեղվածությունն ու տատանողականությունն են կանխորոշում այս կամ այն քաղաքական հայտարարությունը ու դրանց քաղաքական հետևանքները։

Ասվածից եզրակացություն. քանզի մասնագետները լռում են՝ հայ հասարակությունը ստիպված է ինքնուրույն հասկանալու՝ ինչպե՞ս է բացատրվում երևույթը, երբ հինգ հազար զոհ ունեցող պետության ղեկավարը դրանից ավելի մեծ հարված է համարում այն դրոշի գրասենյակային տապալումը, որը նաև իր մեղքով անհաշվելի անգամներ անարգվել է թշնամական երկրի ասկյարների կողմից։ Հայ հասարակությունն այսպիսով իրավունք է ստանում մտածելու, որ այն, ինչ կարելի էր ադրբեջանցուն, անթույլատրելի էր հայ շարքային մաքսավորի համար։

Նմանօրինակ մտածումներում հայ հասարակությունը փորձում է գտնել նաև այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարելի է շարքային ԺԵԿ-ի մակարդակի այլաբանությունն արտահայտել երկրի ղեկավարի կարգավիճակում՝ փորձելով պետությունը, իսկ իրականում կատարվածից մի քանի ամիս հետո անարգված դրա խորհրդանիշը ավելի վեր դասել, քան մարդու կյանքը, որը ոչ թե առանձին վերցրած մեկ մարդու կյանք է, այլ հազարավորների կյանք է։

Ակնհայտ է, որ քանի դեռ Հայաստանի ներսում մեղսունակության ստուգումն արված չէ, աշխարհը մեզ վերաբերվելու է՝ որպես մեղսունակության խնդիր ունեցող պետության՝ սպասելով, որ երբևէ Հայաստանի քաղաքացիները ոչ թե մասնագիտական, այլ քաղաքացիական ու քաղաքական հարթությունում կիրականացնեն այդ միջոցառումը և կապացուցեն, որ 21-րդ դարում այս պետությունը, ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, այդուհանդերձ չունի մեղսունակության խնդիր։

Էդգար Ասատրյան