Foto

Գրպանդ լայն բաց արա՝ Ղարաբաղը գցեմ մեջը

Որպես կանոն Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում հիմնականում հարցազրույց է տալիս լրջագույն ու առանցքային իրադարձություններից առաջ, երբ ինչ-որ ոչ գործընթացներ են սպասվում։

Նախօրեին տեղի ունեցավ Փաշինյանի հերթական ծավալուն ասուլիսը, որի ժամանակ, իր բնավորությանն ու գործելաոճին բնորոշ նա փորձում էր տեղի ունեցող ու սպասվող իրադարձությունների համար մեղավորներ նշանակել ու արդարացման հերթական չափաքանակը մատուցել հանրությանը։

Իր խոսքում նա նշել է, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն այդ կանգնեցման գինը պետք է լիներ Արցախից վերջնականապես հրաժարումը։ Սեպտեմբերի 27-ին նա խորհրդարանում ասել է բառացիորեն հետևյալը. «Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել՝ զիջել, առնվազն, անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման, էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Պիտի անեինք մի բան. համաձայնվեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ, եթե ոչ ինքնավար մարզ, գուցե, մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»:

Հավելենք, որ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակ նշում է, թե սեպտեմբերի 27-ին, հայտնի չէր, թե պատերազմն ինչ ավարտ կունենա և ադրբեջանցիներն ուր կհասնեն։ Ըստ էության, Փաշինյանը խոստովանում է՝ տեղյակ չի եղել, թե որն է եղել ադրբեջանցիների ծրագրի բուն նպատակը, և թե որն է նրանց վերջնակետը։  Այս պարագայում անհասկանալի է, թե նման պարագայում ինչպես առանց մի կրակոցի ու դիմադրության թշնամուն հանձնվեցին Քարվաճառը, Բերձորը, Սանասարն ու Կովսականը։

Նախօրեի հարցազրույցում Փաշինյանի հնչեցրած մտքերի մեջ առկա էր մի ուշագրավ դրվագ ևս, երբ նա խոսում է ՀՀ և Ադրբեջանի՝ ԱՊՀ անդամակցության փաստի մասին։ Նա նշել է, թե երբ երկու պետությունները մտնում էին ԱՊՀ, փաստացի, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականության փաստը։ Ստացվում է՝ այս դրվագում նույնպես Փաշինյանը փրկում է սեփական կաշին և այս հանգամանքը «քցում» ՀՀ առաջին նախագահի գրպանը։ Ստացվում է՝ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ճիշտ էին՝ Նիկոլը սխալ։

 

Արթուր Սարգսյան