Foto

Ինչ է իրականում պատասխանել Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողին․ տեսանյութ

Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել    «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը:

Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը:

Եղելությունը հետեւյալն է՝ նախ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձին հարցազրույց չի տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին: Լրատվամիջոցի ներկայացուցիչն ԱԺ նախագահի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ միասին՝ Հայաստան այցի շրջանակում:

Իրականում լրագրողի հարցը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը խեղաթյուրված են եւ կտրված կոնտեքստից: Լրագրողը հոդվածում նաեւ նշում է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից: Սակայն, հարցուպատասխանի ընթացքում հստակ երեւում է, որ ոչ միայն մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, այլեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ:

Ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Լրագրող- Դուք հանձնել եք Ղարաբաղը...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Դուք կարծում եք, որ մենք հանձնե՞լ ենք Ղարաբաղը:

Լրագրող- Ես կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ...

Լրագրող- Իսկ դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Որովհետեւ, գիտեք, երբ ասում եք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը, դուք վիրավորում եք զոհվածներին եւ այն ընտանիքներին, որոնք իրենց հարազատներին կորցրել են այդ պատերազմում: Մեր ժողովուրդը կռվել է մինչեւ վերջ, եւ եթե որեւէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից: Այնպես որ, ասել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան հանձնել է, նշանակում է՝ չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, չիմանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, եւ, ցավոք սրտի, Ռուսաստանում:

Լրագրող- Դեռ հոկտեմբերին ես Դոնբասի կամավորականների հավաքին էի: Մի քանի հազար մարդ պատրաստվում էին ձեզ օգնելու գալ: Միության ղեկավարն ասաց՝ պետք չի գնալ, մի քանիսը գնացել են եւ վերադարձել: Հայաստանում ընդունվել էր վարձկանության մասին օրենքը, եւ կամավորականներից շատերը հայտնվում էին այդ օրենքի տիրույթում: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք այն մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Մենք մարդկանց քանակի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն այն էր՝ ինչպես պայքարել բայրաքթարների դեմ, որոնց հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով: Մենք դուրս ենք հանել մեր մոտավորապես 25 հազար զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ու դուք կարծում եք, որ պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մարդ չունեի՞նք: Իրո՞ք: Դուք կարծում եք, որ 2020 թվականին պատերազմը հաղթում են մարդի՞կ:

Կից ներկայացնում ենք տեսագրությունն առանց որեւէ միջամտության եւ դատողությունները թողնում ձեզ, թե արդյո՞ք հարցազրույցը վերածվել է բանավեճի կամ Ալեն Սիմոնյանը զրույցի կեսից «տաքացել է»: Կոչ ենք անում «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Ստեշինին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ ջուր չլցնել այն մարդկանց ջրաղացին, ովքեր փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները ու իրենց քայլերով սեպ խրել բարեկամ եւ դաշնակից երկու երկրների միջեւ: