Foto

Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում ներկայացրեց Ադրբեջանի վայրագությունները փաստող ապացույցները

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Հաագայում, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա արձանագրմամբ՝ Հայաստանը գանգատ է ներկայացրել, քանի որ անգամ հիմա, երբ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, Ադրբեջանը շարունակում է դաժանությունները ռազմագերիների և իրենց հսկողության տակ գտնվող քաղաքացիական անձանց նկատմամբ, բացի այդ՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացվում են պատմամշակութային հուշարձանները, կեղծվում դրանց ծագումնաբանությունը։

Ե.Կիրակոսյանի խոսքով՝ գանգատի նպատակն է կանխել էթնիկ հայերի դեմ ատելության և ագրեսիայի արատավոր շրջանակի ընդլայնումը, պաշտպանել նրանց իրավունքներն անդառնալի վնասներից։

Հայաստանի հայցը հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերաբերյալ Կոնվենցիայի վրա, որն Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել։ ՀՀ ներկայացուցիչը Հաագայի դատարանում հայտարարեց, որ հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանի ղեկավարությունը քարոզում է ամենօրյա մակարդակով և այդ քարոզչությունն ազդում է երկրի հասարակության գրեթե բոլոր շերտերի վրա և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել հայերի և հայկական ամենի նկատմամբ ատելությամբ և վախով։ Այդ քարոզչության համաձայն՝ ցանկացած հայկական հետք, որը գտնվում է Բաքվի տիրապետության տակ անցած տարածքներում, կամ ոչնչացվում է կամ կեղծվում։