Foto

Вот и вся любовь կամ ինչպես է ՊՇՌ բիզնեսը գերազանցում խոշորագույն հարկատուներին

Թվերը հետաքրքիր բան են: Երբեմն դրանց վերլուծությունը զարմանալի արդյունք է տալիս:

Օրինակ՝ սովորական համրիչով մի քանի րոպեում պարզ կդառնա, որ ՊՇՌ պարտադիր թեսթավորումը Հայաստանում ամենաշահութաբեր բիզնեսն է: Չե՞ք հավատում, ուրեմն միասին մի քանի պարզ թվաբանական գործողություն կատարենք:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, երկրում գրանցված աշխատող է համարվում 652 395 մարդ: Եթե ընդունենք, որ հանրապետության բոլոր պատվաստված քաղաքացիների հիմնական մասը գրանցված աշխատողներն են (իսկ պատվաստված է բնակչության մոտավորապես 6 %-ը), ապա չպատվաստված աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 580 հազար մարդ: Նրանցից յուրաքանչյուրն ամսեկան միջինը 14 հազար դրամ է վճարում ՊՇՌ թեսթ հանձնելու համար, որը կազմում է մոտ 8 մլրդ դրամի շրջանառություն: Միայն ԱԱՀ-ի տեսքով այդ շրջանառությունից ամեն ամիս պետբյուջե է մտնում մոտավորապես 1,4 մլրդ դրամ: Համեմատության համար՝ 2021թ-ի առաջին կիսամյակի խոշորագույն հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 6 ամսում վճարել է 25 մլրդ 335 մլն դրամ ԱԱՀ, այսինքն ամսեկան մոտ 4 մլրդ 222 մլն դրամ:

Դե համեմատեք 1,5 միլիարդն ու 4,2 միլիարդը և կպատկերացնեք, թե ի՞նչ ահռելի գումարներ են քաղաքացու գրպանից հոսում պետբյուջե: Եթե հաշվի առնենք այն փնթիությունն ու համատարած անվստահության մթնոլորտը, որ ստեղծված է պատվաստումների ոլորտում, ապա դժվար չէ եզրակացնել, որ մեր կառավարությունը ոչ թե շահագրգռված է պայքարել համավարակի դեմ, այլ ցանկանում է հնարավորինս շատ մարդու մղել դեպի ՊՇՌ թեսթավորում, որից կոնկրետ միլիարդներ է շահում: