Foto

Կառավարությունը գյուղացուն ֆինանսապես կօգնի ձեռք բերել բարձրորակ ցորենի սերմ

Կառավարությունն աշնանացանի սերմերի սուբսիդավորման ծրագրի համար հատկացրեց 329 մլն դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սակավաջրության պատճառով ֆերմերների մի մասը չի կարողացել ստանալ այն բերքը, որն ակնկալում էր, բայց ընդհանուր պատկերը նախարարի խոսքով դրական է։

«Եթե սովորական բերքի ժամանակ միջինում 1.8 տոննա բերքատվություն կա, ապա այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունն ավելի քան 3 տոննա է»,-նշեց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել են, որ շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից ձեռք բերված սովորական ցորեն, հացահատիկ են ցանում, ինչն արդյունավետություն չի խոստանում։

«Այս ծրագրով քաղաքացուն ասում ենք, որ եթե իրենք 70 դրամ են տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք այդ գումարին այնքան ենք ավելացնում, որ կարողանան լիցենզավորված սերմ գնել։ Այստեղ որոշակի պատասխանատվություն ունենք՝ ապահովել և երաշխավորել, որ շուկայում առաջարկվող լիցենզավորված սերմերն իրոք սերտիֆիկացված լինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանում դեպք է եղել, երբ պետական ծրագրով իբր լիցենզավորված սերմ է ցանվել, բայց արդյունքում գյուղացիները մեծ պարտքերի տակ են ընկել, և անգամ քրեական գործեր են հարուցվել։ Նիկոլ Փաշինյանը վերահսկողական լիազորություն ունեցող մարմիններին հորդորեց զգոն լինել, որ առաջարկվող սերտիֆիկացված սերմացուի անվան տակ վաճառվողներն իրոք սերտիֆիկացված են։