Foto

Համայնքի ներկայացուցիչները հավանաբար վաղը հանդիպում-քննարկում կունենան Կառավարությունում․ Ռուստամ Բաքոյան

Այսօր՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, Արարատի մարզի Տափերական համայնքի բնակիչները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման գնի դեմ և պահանջում Վարչապետի հետ հանդիպում։ Նրանց են միանում նաև հարակից համայնքների ներկայացուցիչները՝ նույն պահանջով։ Նշված վայր էին ժամանել Արարատի մարզային վարչության ոստիկանները, ովքեր բանակցություններ էին  վարել, սակայն գյուղացիները հրաժարվել են բացել ճանապարհը։ Իրավիճակը լարվում է և հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների և համայնքների ներկայացուցիչների միջև։ 

Ի վեիջո, իրավիճակը հանդարտեցնելու հնարավորություն է ստեղծվում։ Դեպքի վայր է ժամանում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Նա բանակցություններ է վարել համայնքի ներկայացուցիչների հետ և եկել վերջնական պայմանավորվածության։

«Տեղի կունենա Կառավարության անդամների հետ հանդիպում- քննարկում։ Խնդիրները կներկայացվեն, կհասկանանք Կառավարությունն ինչ հնարավոր միջոցներ կօգտագործի խնդիրը կարգավորելու համար»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Բաքոյանը։ 

 Պարոն Բաքոյանը նշեց, որ հանդիպումը հավանաբար տեղի կունենա վաղը և համայնքի ներկայացուցիչներն անձամբ ներկա կգտնվեն և իրենց խնդիրների մասին անձամբ կբարձրաձայնեն։

Պատգամավորը հավելեց, որ ներկա պահին  Երևան-Երասխ ավտոճանապարհը բաց է։

Հեղինակ: Tamara Abrahamyan