Foto

«Գազպրոմ Արմենիա»-ն «Հրազդան 5» կայանը վերագործարկելու պայմաններ է առաջադրել Կառավարությանը․ Հետք

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից առաքված էլեկտրական էներգիան նախատեսվում էր արտահանել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունը պետք է ավարտվեր 2018թ.-ին: Օդային գիծը մինչ օրս չի կառուցվել, որի պատճառով «Հրազդանկայանը մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի վարկային պարտք է կուտակել և դադարեցրել է կայանի շահագործումը։ Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական ծրագիրն առաջիկայում կընդլայնվի, սակայն էներգիա արտադրողն ու առաքողն այլ ընկերություն կլինի:

«Հրազդան 5» կայանի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2021թ. ապրիլի 7-ին հայտարարեց կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ընկերությունը տեղեկացրեց, որ շահագործումը դադարեցվել է՝ պայմանավորված կայանում տեղակայված գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ: «Այն հիմնական սարքավորում է, առանց որի կայանի հետագա աշխատանքն անհնար է»,- հայտնեցին ընկերութունից:

Գազատուրբինային տեղակայանքի հիմնանորոգման նախնական գնահատված արժեքը կազմում է շուրջ 16 մլն եվրո: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) «Հետք»-ին հայտնեցին, որ 2021 թ. փետրվարի 1-ից հետո «Հրազդան 5» կայանի շահագործման նպատակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկել է կապիտալ նորոգման համար անհրաժեշտ 16 մլն եվրոն ներառել սակագնի հաշվարկներում։ Հանձնաժողովը մերժել է առաջարկված տարբերակով փոխհատուցել ընկերությանը, «որովհետև այդ դեպքում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա բացասական ազդեցությունը կկազմեր 1,9 դրամ/կՎ/ժ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)»։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գրավոր ենք հաղորդակցվել, ընկերությունից մեր հարցմանը պատասխանել են, որ «Հրազդան 5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրական էներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎՏ) և Հայաստանում էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը։ Արտահանման գործունեությունը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ։ 

«Այդ օդային գծի բացակայության պայմաններում «Հրազդան 5» կայանը գործարկումից ի վեր աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորության մոտ 30%-ի չափով: Վնասով աշխատելու հետևանքով կայանը մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի վարկային պարտք է կուտակել, ինչպես նաև՝ նորոգում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 16 մլն եվրո ներգրավել»,- հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված էլեկտրական էներգիան ներկայում արտահանվում է գործող Ագարակ (Մեղրի)–Ահար (Իրան) 220 կՎ լարման 2 օդային գծերով, որոնց թողունակությունը հնարավորություն չի տալիս միաժամանակ արտահանելու «Երևանի ՋԷԿ» և «Հրազդան 5» կայաններում արտադրված էլեկտրական էներգիան։

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի:

Իրան-Հայաստան 400 կՎ լարման 268 կմ երկարությամբ երկշղթա օդային գծի և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանի կառուցման մեկնարկը տրվել էր 2015թ. օգոստոսի 12-ին և նախատեսվում էր ավարտել մինչև 2018թ.-ը: Այն կառուցվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման զարգացման բանկի աջակցությամբ` 142.4 մլն ԱՄՆ դոլար գումարով: Շինարարության պայմանագիրը ստորագրել են իրանական «Սանիր» ընկերությունը և Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

Սակայն 2018թ. փետրվարի 2-ին ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են և քննարկել 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման խնդիրները։ Քննարկման արդյունքում ստորագրվել է աշխատանքների իրականացման նոր ժամանակացույց՝ աշխատանքների ավարտման ժամկետ սահմանելով 2019թ.-ի սեպտեմբերի 1-ը:

Նշված ժամկետում շինարարությունը դարձյալ չի ավարտվել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ասելով՝ Իրան-Հայաստան 400 կՎ բարձր լարման օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը, նոր ժամանակացույցով, նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը։ Նախարարի տեղակալը հայտնում է, որ ուշացման պատճառները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ ներառյալ Covid_19-ը, իրանական կապալառուի հապաղումները և այլն:

 

Էներգետիկ ճգնաժամ չեղավ, Հայաստանը շարունակում է  էլեկտրաէներգիա արտահանել Իրան

Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցումը նպատակաուղղված է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2004թ.-ի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ստորագրեցին գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման 20 տարվա համաձայնագիր: Իրանական գազի Հայաստան արտահանումը սկսեց իրականացվել 2007 թ. մարտի 19-ին: Իրան-Հայաստան խողովակաշարից գազի փոխանցման հզորությունը 30 դյույմ (1 դյույմը հավասար է 2.54 սմ-ի) տրամագծով և 113 կմ երկարությամբ (Թավրիզի և Հայաստանի սահմանի միջև), տարեկան 2,5 մլրդ խմ է: 

Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանից ստացված 1 խմ բնական գազի դիմաց Հայաստանն արտահանում է 3 կՎ/ժ էլեկտրաէներգիա: Իրանից ներկրվող բնական գազի մի մասը «Երևանի ջերմաէլեկտրոկենտրոն» ՓԲԸ-ն, («Երևանի ՋԷԿ») համապատասխան պայմանագրի հիման վրա, հանձնում էր «Հրազդան 5» կայանին՝ 1 խմ գազի դիմաց ստանալով 3.05 կՎ/ժամ էլեկտրաէներգիա, որն արտահանում էր Իրան:

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ արտահանելու նպատակով, մինչև «Հրազդան 5» կայանի գործունեության ժամանակավոր դադարեցումը, «Երևանի ՋԷԿ»-ին էլեկտրական էներգիա առաքել է 2020թ. հոկտեմբեր ամսին։

Այս տարվա ապրիլի 7-ին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է «Հրազդան 5» կայանի գործունեությունը։ Այս տարվա մայիս ամսից մինչև հոկտեմբեր՝ 141 օրով դադարեցվեց նաև Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը՝ արդիականացման աշխատանքներ իրականացնելու համար։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն 1lurer.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ մենք ունեցանք «Հրազդան 5»-րդ բլոկի չնախատեսված կանգառ, սակայն էներգետիկ ճգնաժամ չեղավ Հանրապետությունում: Նա «Հետք»-ին հայտնեց, որ ինչպես մինչև Հայկական ԱԷԿ-ի և «Հրազդան 5» կայանի կանգառը, այնպես էլ հիմա ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով, չի դադարեցվել։

Հ. Վարդանյանը նշում է, որ ներկայում Հայաստան էլեկտրաէներգիա է ներկրվում Վրաստանից՝ գնի մատչելիությունից ելնելով, ինչը նաև դրական արդյունք է ստեղծել էներգահամակարգի ընդհանուր սակագներում։

ՀԾԿՀ-ն մեր հարցմանը պատասխանել է, որ Վրաստանից ներկրումն իրականացվում է ներքին արտադրության համեմատ ավելի էժան էլեկտրական էներգիայի ներկրման հնարավորության դեպքում, ինչպես նաև վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում։ Մասնավորապես, 2021թ․մայիս-հուլիս ամիսներին Վրաստանից էլեկտրական էներգիան ներկրվել և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին է վաճառվել համապատասխանաբար 22,9917 դրամ/կՎ/ժ, 24,07755 դրամ/կՎ/ժ և 25,41915 դրամ/կՎ/ժ (առանց ԱԱՀ-ի) սակագներով։

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ մինչև գործունեության ժամանակավոր դադարը «Հրազդան 5» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում էր 26,876 դրամ/կՎ/ժ (առանց ԱԱՀ-ի) իսկ հզորության դրույքը՝ 498,05 դրամ/կՎ։ 

 

Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի սակագնի հետ տարբերությունը, կարծում ենք, մեծ չէ և «Հրազդան 5» կայանից էլ կարող էին էներգիա գնել: Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Հրազդան 5» կայանի վերագործարկման հարցը կդիտարկեն երկու դեպքում՝

կայանի վերակառուցման համար ներդրված (ներառյալ գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման համար ներգրավման ենթակա 16 մլն եվրոն)՝ կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագներով փոխհատուցումն ապահովելու սակագնի կամ հզորության դրույքի հաշվարկներում դրանք ներառելու դեպքում և 

Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գիծը շահագործման հանձնելուց հետո։

Նշենք, որ ըստ Կառավարության 2015թ.-ի դեկտեմբերի 10-ի թիվ 54 արձանագրային որոշման «Հրազդան 5» կայանի վերակառուցման համար 367 մլն դոլարի ներդրում է կատարվել։ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ կայանը շահագործման էր հանձնվել 2011թ.-ին։ 2013թ. դեկտեմբերի 2-ին «Գազպրոմը» ձեռք բերեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ը` դառնալով ընկերության լիակատար բաժնետեր:

էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումից հետո էլ, հավանական չէ, որ Իրանին էներգիա մատակարարողը «Հրազդան 5» կայանը կլինի: Կառավարությունը վերջին տարիներին այդ ծրագրի համար նախապատրաստել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ին՝ արդիականացրել է «Երևան 2» համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը (ՀՇԳՑԷ), որն ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի, նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ. հոկտեմբերին: 250 ՄՎտ հզորությամբ Երևանի ՀՇԳՑԷ 2-ի վերակառուցման համար ներդրումը կազմում է 250 մլն ԱՄՆ դոլար, որից 220 մլն ԱՄՆ դոլարի վարկը հատկացրել է Ճապոնիայի կառավարությունը:

«Երևան ՋԷԿ»-ը տեղեկացնում է, որ «Երեւան-2»-ի վերակառուցման արդյունքում հզորության ավելացումը կնպաստի համակարգում ցածր սակագնով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների ավելացմանը: Կայանի հզորությունը կավելանա 7 ՄՎտ-ով, հոսանքի արտադրությունը կավելանա 60 մլն կՎ/ժամով։ Դրա շնորհիվ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական ծրագիրն այս տարի կընդլայնվի 30-40%-ով։ 

ՀԾԿ հանձնաժողովը 2021 թ․ փետրվարի 1-ից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներքին շուկայի սպառման համար առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) նոր սակագին է սահմանել։ Ըստ այդմ՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը կազմում է 1.88 դրամ/կՎ/ժ (առանց ԱԱՀ-ի) և յուրաքանչյուր ամսվա հզորության դրույքը՝ 4418.18 դրամ/կՎ (առանց ԱԱՀ-ի):

ՀԾԿՀ-ն մերժել է «Գազպրոմ Արմենիա»-ին՝ գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման համար 16 մլն եվրոն փոխհատուցելու առաջարկը, սակայն 2017թ. դեկտեմբերի 27-ի որոշումով հավանություն էր տվել «Երևան ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագրին։ Հավանաբար այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն ամբողջությամբ պետական մասնակցությամբ ընկերություն է։ Գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը կազմել է 20,68 մլն եվրո՝ առանց ԱԱՀ-ի։

 

Տարածաշրջանային ինտեգրում՝ Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի միջոցով

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը զուգընթաց կառուցվում է Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը: Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցումը մեկնարկել է 2014թ.-ին KFW բանկի վարկային համաձայնագրով և նախատեսվում է ավարտել 2026թ.-ին: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում (ՀՀ) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կվ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում` «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով):

Կառավարության 2015թ.-ին ընդունած «Էներգետիկ համակարգերի երկարաժամկետ զարգացման ուղիները (մինչև 2036թ.) փաստաթղթում և ռազմավարական այլ ծրագրերում նշվում է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև նախապայման կստեղծվի ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

«Տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի գործարկմամբ լիովին նոր մակարդակի է բարձրանալու էլեկտրաէներգետիկական համակարգը։ Հայաստանը դառնալու է տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հանգույց՝ կապելով Իրանի, Վրաստանի և ԵԱՏՄ շուկաները»,- ասվում է փաստաթղթում։

Իրան-Հայաստան էներգիայի փոխանակման ծրագիրը Կառավարությունում հաջողված են համարում, սակայն 20 տարվա պայմանագիրը լրանալուց հետո՝ 2027թ.-ից, Իրան-Հայաստան գազ՝ էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում չի նախատեսվում կամ 2027թ.-ից հետո այն կշարունակի գործել նոր պայմաններով:

Միջազգային փորձագետները հավանական են համարում նաև Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխանակման պայմանագրի դադարեցումը։ Վերջին մեկ տարում, Արցախյան երկրորդ պատերազմը նոր իրավիճակ է ստեղծել։ Տարածաշրջանում կատարվող աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո խոսվում է Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանին էժան գնով գազ մատակարարելու պատրաստակամության մասին: Կարծիքներ կան, որ ապագայում ավելի էժան գնով գազի մատակարարումը վերջ կդնի Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ գազի մատակարարման քսանամյա պայմանագրին: