Foto

Վահան Քերոբյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկացրին էկոնոմիկայի նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և ավելացրել, որ մեծ ներուժ է տեսնում առևտրի ծավալները մեծացնելու համար։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածն իր առաջնահերթություններով։ Նշելով, որ նոր ծրագրում կառավարությունը հատկապես մեծ տեղ է հատկացնում տնտեսության թվայնացմանը, մոդեռնիզացմանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը՝ Վահան Քերոբյանը հավելել է, որ դրանք միտված են տնտեսության բոլոր ճյուղերում արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը։

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Նա հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում։

Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը շեշտադրել է գիտելիքահեն տնտեսության ձևավորման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ կառավարությունը նախատեսում է ներդրումներ հատկացնել հետազոտական աշխատանքների կազմակերպման համար։ Նա ընդգծել է, որ կարևորում է հետազոտական աշխատանքների ֆինանսավորման գործում մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հարուստ փորձը և նշված բնագավառում բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցումը կարող են նպաստել Հայաստանում այս համակարգի ներդրմանն ու կայացմանը։ Նա նաև կարևորել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական կառույցների, մասնավոր ներդրումային, վենչուրային, հրեշտակային ֆոնդերի՝ Հայաստանում ներկայացված լինելը։

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է դեսպանին, որ Հայաստանում նախատեսվում է երեք ինդուստրիալ պարկի գործարկում, ինչը կարող է հետաքրքրել բրիտանական ընկերություններին, և առաջարկել է դիտարկել այստեղ վերջիններիս գործունեության հնարավորությունները։ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի քանի ոլորտ, որտեղ տեսնում է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մեծ ներուժ․ դրանք են՝ արևային պանելների արտադրությունը, մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը և դեղագործությունը։

Դեսպան Գալագերը պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գիտելիքահեն տնտեսության կայացմանն աջակցելու, ինչպես նաև տնտեսության մեջ արտադրողականության բարձրացման և մի շարք այլ կարևոր աշխատանքներում անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարևորում է կանաչ տնտեսության զարգացումը և կարող է առաջարկել ֆինանսական մեխանիզմներ, որոնց միջոցով Հայաստանին ևս աջակցություն կցուցաբերվի դեպի կանաչ տնտեսություն անցում կատարելու համար։

Զրուցակիցները քննարկել են մտավոր սեփականության ոլորտում, մասնավորապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ջոն Գալագերը տեղեկացրել է, որ այս բնագավառում բարեփոխումներին աջակցությունն առաջնային տեղ ունի իրենց օրակարգում, քանի որ դա կնպաստի Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։ Նա հավելել է, որ իրենց կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային և գործարար միջավայրի բարելավմամբ, որպեսզի բրիտանական ընկերությունները ներդրումներ կատարեն նաև այս տարածաշրջանում և ավելի մեծ ծավալի արտահանում իրականացնեն։

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ևս մեծ ուշադրություն է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությանը և տեղեկացրել դեսպանին, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, և ստարտափները հնարավորություն են ստացել Հայաստանում արտոնագրել համակարգչային ծրագրերը, ինչի շնորհիվ Հայաստանը դարձել է աշխարհում երկրորդ երկիրը, որը կատարում է նմանատիպ արտոնագրում։