Foto

Հայաստանի բոլոր բնակավայրերը կմիավորվեն 78 համայնքներում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների՝ մարդկային, ֆինանսական, հողային և այլն, առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք»։

Այս նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը։ Այս փուլում նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում։ Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:

Գնել Սանոսյանն ասաց, որ նախատեսվում է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ։ «Այսպիսով, այս գործընթացի ավարտից հետո ՀՀ-ում կունենանք 77 համայնք և Երևանը, որոնցից 8 համայնք կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փաթեթը շատ կարևոր է ոչ միայն վարչատարածքային բարեփոխումների տրամաբանության մեջ, այլև կարևոր է նաև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ, որովհետև խոշորացված համայնքներում այլևս տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ «Եվ ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով։ Սա մեր կարևոր խոստումներից է եղել ժամանակին»,- հավելեց նա։

Փաշինյանը նշեց, որ պարզ է՝ այստեղ կան շահեր։ «Պատկերացրեք, եթե մենք 30 համայնք միավորում ենք ու դարձնում մեկ համայնք, սա ի՞նչ է նշանակում, որ այդքան համայնքի ղեկավար, աշխատակազմ․․․ մանավանդ այն պարագայում, երբ համայնքներում նաև որոշակի ավանդույթներ կան։ Եվ հասկանալիորեն փորձ պետք է արվի կրքեր բորբոքել։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել, որ չտրվեն այդ կարգի սենտիմնենտներին։ Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով։ Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում»,- ասաց նա։