Foto

Հովհաննես Գաբուզյանն Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց

Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում, բացի մեդալներից, խաղարկվում էին նաև աշխարհի գավաթի 23 ուղեգրեր: Հայաստանի 5 շախմատիստներն անմասն մնացին առաջնության մեդալներից, որին մինչև նախավերջին տուրը հավակնում էր Հովհաննես Գաբուզյանը: Իսկ ահա խաղարկված ուղեգրերից միայն մեկը բաժին հասավ հայ շախմատիստներին: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ Հովհաննես Գաբուզյանը, որն ավարտական՝ 11-րդ տուրում որ-ոքի խաղաց Ալեքսանդր Դոնչենկոյի հետ: Գաբուզյանը 7 միավորով գրավեց 19-րդ տեղը: 7 միավոր վաստակեցին նաև Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք ոչ-ոքի ավարտեցին պարտիաները համապատասխանաբար Վահապ Սանալի և Յեսպեր Տյուբոյի հետ: Սակայն նրանց չհաջողվեց տեղ զբաղեցնել ուղեգիր տվող առաջին 23 հորիզոնականներում: Լրացուցիչ գործակիցներով Գաբրիելը զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը, Հայկը 32-րդն է: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Լուկա Պայճաձեին և 6,5 միավորով զբաղեցրեց 38-րդ տեղը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 6 միավորով զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, Գաբուզյանից բացի, մեր շախմատիստներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան:

8,5 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն: Նույնքան միավոր վաստակած գերմանացի Վինսենտ Կեյմերը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը: Բրոնզե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Ալեքսեյ Սարանային: