Foto

Փաշինյանն ինքն է հիմնական բանակցողը, որոշումներ կայացնողն ու դրանք կյանքի կոչելու պատասխանատուն․ Արման Մելիքյան

Այսօր կառավարության նիստին Վարչապետի ԺՊ-ն հայտարարեց, որ առաջարկում է ռուս խաղաղապահների մարտական հենակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։

-         Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փածինյանն այս առաջարկով ի՞նչ խնդիր է լուծվում և ի՞նչ ռիսկեր է պարունակում այն։

-         Ռուսական զինուժի տեղակայումը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով կարող է կանխել հետագա բախումները հակամարտ կողմերի դիրքապահների միջև: Դրա հետ մեկտեղ կան հարցեր, որոնք նախապես պետք է պարզաբանվեն, քանի որ այս կարգի գործողությունը կարող է իրավաքաղաքական ու ռազմական բնույթի ռիսկեր առաջացնել:Օրինակ՝ մի բան է, եթե ռուսական զինուժը տեղակայվի հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում և միանգամայն այլ բան, եթե ռուսները տեղակայվեն հայկական ստորաբաժանումների ներկա դիրքերում: Էական կլինի իրավական հետևանքների առումով նաև այն, թե ռուսներն արդյոք իրենց սահմանապահներին կբերեն սահման, թե այդտեղ կգան, օրինակ, Գյումրիի ռազմակայանում ծառայություն իրականացնող զինվորականները: Եթե բերվեն ռուս սահմանապահներն, ապա կարող ենք ոչ առանց հիմքի ենթադրել, որ ապագա սահմանը կանցնի այն գծով, ուր այդ սահմանապահները կդիրքավորվեն: Կարող են նաև այլ սպառնալիքներ ի հայտ գալ: Ամեն դեպքում դեռ վաղ է մեր իշխանությունների ցանկությունն այսօրվանից արդեն իրականացված համարել՝ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ դեռևս պաշտոնապես չի բանակցվել:

-         ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ չի մեկնաբանում Փաշինյանի հայ- ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապեհների հենակետեր տեղակայելու հարցը։ Ինչո՞ւ ։

-         Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը պաշտոնական Երևանը դեռ նոր է պատրաստվում քննարկել ռուսական կողմի հետ: Եթե այդպես է, ապա դրա վերաբերյալ ռուս գործընկերներն առայժմ չեն էլ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ծանոթ չեն պաշտոնական առաջարկի բովանդակությանը:

-         Ի՞նչ եք կարծում ՀՀ կառավարության ղեկավարի կողմից հնչած այդ առաջարկները փորձաքննություն անցնում են արտաքին գործերի նախարարությունում։

-         Չգիտեմ, արդյոք ՀՀ ԱԳՆ որևէ լիարժեք փորձաքննության մասին տեղին է խոսելն այսօր՝ նախարարության ղեկավար օղակն, ըստ էության, դեռևս կազմալուծված վիճակում է, իսկ դա չի կարող բացասաբար չանդրադառնալ այդ գերատեսչության աշխատանքի որակի վրա: Պաշտպանության նախարարությունը ևս վերակազմակերպման փուլում է: Այսպիսով, տրամաբանական կլինի ենթադրել, որ վարչապետ Փաշինյանն ինքն է հիմնական բանակցողը, որոշումներ կայացնողն ու դրանք կյանքի կոչելու պատասխանատուն:

-         Սահմանային ագրեսիա հրահրելով ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

-          Բաքվի նպատակները կարող են մի քանիսը լինել՝ սկսած Հայաստանից հավելյալ տարածքներ բռնազավթելու ցանկությունից, մինչև պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչում և Արցախի ինքնորոշման պահանջի ուրացում: Մենք պետք է հաշվի առնենք այն, որ Ադրբեջանի նպատակները կարող են նաև ժամանակի մեջ հաջորդել միմյանց այնպես, որ մի նպատակի իրականացումը դուռ կբացի հաջորդ նպատակին հասնելու գործընթացի մեկնարկի համար:

-         Ի՞նչ մեխանիզմեր կամ հակազդող քայլեր պետք է անի ՀՀ-ն, որպիսի կանխի Ադրբեջանի նպատակների իրականցումը։

-         Դա հրապարակային քննարկման հարց չէ: Իշխանությունը կարող է համապատասխան խորհրդատվություն ստանալ, եթե գիտակցի, որ դրա կարիքն ունի:

-         Արդյո՞ք Ադրբեջանը ՀՀ-ին պարտադրում է ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից վկայակոչած « 100 տոկոս հայանպաստ» փաստաթութը։

-         Որևէ բան չեմ բացառում: Փաշինյանի իրական շփումները դրսի գործընկերների հետ այնչափ թափանցիկ չեն, որպեսզի հնարավոր լիներ տեսնել իր համար առկա կարմիր գծերը: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս գործընթացը ճակատագրական է ոչ միայն Հայաստանի և հայության, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի համար, իսկ սա ենթադրել է տալիս, որ մեր հակառակորդները կձգտեն շահերի բախում առաջացնել, որի արդյունքում ՀՀ գործող վարչապետը ստիպված կլինի ընտրություն կատարել իր անձնական շահի ու պետության, ազգի ապագայի միջև:

Հեղինակ: Anna Avetisyan