Foto

Երաշտային տարին կանխատեսելի չէր, բայց նախորդ տարիների վիճակագրությունն առկա էր․ էկոնոմիկայի նախարարություն

Երաշտային տարվա մասին կանխատեսումներ Էկոնամիկայի նախարարությունը չի ունեցել։ Այս մասին Vesti.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է նախարարությունը։

«2021 թվականի ամռան համար սակավաջրություն, առավել ևս երաշտ, չի կանխատեսվել։ Ավելին՝ հանրապետության տարածքում ստեղծված ձյան ծածկույթը բավականին լավատեսական սցենար էր կանխատեսում ջրամբարների լցվածության տեսանկյունից։ Սակայն հալոցքը չուղեկցվեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ ու հորդառատ անձրևներով և  արդյունքում՝ մակերևութային հոսքը եղավ սակավ (ձնհալից առաջացած ջրային ռեսուրսները մասամբ գոլորշիացան, մասամբ ձևավորեցին ստորերկրյա հոսք), հեղեղներ չգոյացան և ջրամբարները մնացին կիսադատարկ»։

Միևնույն ժամանակ հայտնում են, որ առկա է, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, մի քանի տարվա սակավաջրություն։

«Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ հուլիս-օգոստոս ամիսներին հաճախակի է դարձել ջերմաստիճանային բարձր ռեժիմների տևական պահպանումը՝ ուղեկցվելով սակավաջրությամբ (երաշտ, այդ թվում նաև այս տարի, չի հայտարարվել)։ Ընթացիկ տարում անոմալ բարձր ջերմաստիճաններ են  գրանցվել նաև հունիս ամսին»։

Այսինքն, նախարորությունը տեղյակ էր, որ կլիմայի փոփոխությամբ պայմանվորված հուլիս- օգոստոս ամիսերին երաշտ է լինում. կար նախորդ տարիների վիճակագրություն, բայց այս տարի երաշտի կանխատեսում չի եղել: Իսկ ի՞նչ էր անհրաժեշտ, որպիսի կանխատեսվեր և միջոցներ ձեռք առնվեր երաշտային տարվա մարտահրավերները հաղթահարելու համար՝ նախարարությունն այդպես էլ չպատասխանեց:

Հեղինակ: Anna Avetisyan