Foto

Նիկոլիզմն ու փախստականի հոգին

Սարոյան եղբայրներից Գևորգը չէր հաշտվում գաղթական դառնալու մտքի հետ: Ոչ թե այն պատճառով, որ գաղթական լինելը դժվար է, այլ որ գաղթականի հոգին չի կարող տեղավորվել իրական հայրենասերի, հայրենապաշտի մաշկի տակ: Նա սպանվեց, բայց գաղթական չդարձավ:

Այս օրինակը յուրահատուկ է նաև մեր օրերին: Վերջերս մի քանի զրույց եմ ունեցել   առաջնագիծ դարձած համայնքների տարբեր բնակիչների հետ: Բազմաթիվ խնդիրներ ունեն՝ ամենագլխավորը՝ անվտանգությունը: Բայց չեն համաձայնվում հարցազրույց տալ, իրենց անունը հրապարակել: Ավելին, բացահայտ հակաիշխանական մտքեր են արտահայտում, բայց իրենց իշխանամետ են համարում՝ կախված զրուցակցի քաղաքական հայացքներից: Օրինակ՝ Տեղ գյուղից մի մարդ պնդում էր, որ մարզպետն ու ադրբեջանցիները փոխադարձ համաձայնությամբ այրել են սահմանի մոտ գտնվող իր արտը, բայց դրա վերաբերյալ հայտարարություն չի անի: Մտածում է՝ փոխհատուցում կտան, բայց ո՞վ, ե՞րբ, ինչքա՞ն ու ի՞նչ միջոցներով՝ չգիտի: Մի տիգրանաշենցի էլ ընտանիքը տեղափոխել է տնից, բայց ատամներով Նիկոլ է պաշտպանում: Ասում է՝ Նիկոլի հետ ավելի հանգիստ է իրեն զգում, մենք՝ երևանցիներս, վտանգի մասին սխալ պատկերացում ունենք, որ թուրքը միայն կառավարությանն է վախեցնում, իսկ Նիկոլը վախեցող չի: Խաչիկցի մի մարդ էլ հայտարարեց, որ եթե իրենց գյուղից մի մետր տան թուրքերին, ճանապարհը կփակեն, Սյունիքն ու Արցախը Հայաստանից կկտրեն, դե թող իշխանությունը փորձի ու հող տա:

Վերը գրածներս զրույցներիս ունիկալ դրվագներն էին, սակայն բոլորն էլ մի ընդհանրություն ունեին՝ ամենավերջում ուղղակի կգնան Հայաստանից, թքած ունեն և այլն: Ամենաազնիվը Տիգրանաշենցին էր: Հարցրեց՝ իսկ գիտե՞ս ինչ արժէ Ֆրանսիա ապօրինի գաղթելը, մեր գյուղը որ հանձնեն, քաղաքական ապաստան կխնդրեմ: Այսինքն, այդ մարդը Նիկոլին պաշտպանում ու այս իշխանությանը կողմ է քվեարկել, որովհետև հույս ունի, որ շուտով ապաստան խնդրելու ֆորմալ հնարավորություն կունենա (չգիտեմ՝ այդպե՞ս է, թե՞ իրեն այդպես խաբել են), նվազագույնը՝ Երևանում կամ Արտաշատում իրեն բնակարան կտան:

Այդ մարդկանց չի հետաքրքրում իր եղբոր, հարևանի կամ ազգակցի, վերջին հաշվով, հայրենիքի ճակատագիրը: Նա հիմա էլ, երեկ էլ ապրել է ճամպրուկները հավաքած, միայն թե գաղթելու հնարավորություն չի ունեցել: Նա իր հողը լավ չի մշակել, իր անասուններին լավ չի պահել, իր տան տանիքը տարիներ շարունակ կաթում է, որովհետև ինքն իրեն իր ունեցվածքի տերը չի համարել: Իր դեռատի աղջկան ամուսնացրել է, որպեսզի սա ուսման չգնա, վարձ չտա: Ինքը տարիներ շարունակ առանց պետհամարանիշի մեքենա է վարում իրենց գյուղում ու դաշտերում, որ գույքահարկ չտա, ԱՊՊԱ չանի, այսինքն գողանա պետությունից: Ինքը ծակ շալվար է հագնում, բայց սմարթֆոնով Նիկոլի լայվերն է լսում ու բողոքում է, որ ավտոգազը թանկացրել են:

Սա հենց Գևորգ Սարոյանի ասած գաղթականի հոգին է, որ հայ մարդու մեջ բուն է դրել՝ կործանելով ոչ միայն նրա մարմինը, այլև մեր ու ձեր հայրենիքը, ապագան:

Հեղինակ: Eduard Saribekyan