Foto

Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ ցանկանում  է անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը:

Երկրի զարգացման համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը Հայրենիքի զարգացման գործընթացներում: Որպես զարգացման մեկ այլ նախադրյալ՝ նախագահ Սարգսյանը նշել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթական ոլորտի առաջընթացի ապահովումը:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: