Foto

Հիմա՞ էլ ընդդիմությունը կգնա «սահմանադրական տուրիզմի» արահետներով, թե՞ …

Երասխի դեպքերը կանխատեսելի էին: Կապիտուլյացիայի գիշերն ադրբեջանցիների կողմից նույն տարածքում ռուսական ուղղաթիռ խոցումը ազդանշան էր, որ հերթը Հայաստանի ինքնիշխան տարածքներին է հասել, որ թուրքերը կանգ չեն առնելու: Երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր համաձայնությամբ զորքերը ետ քաշեց Ղուբաթլուից ու Զանգելանից, արդեն հասկանալի էր, որ նա Ալիևի հետ փոխհամաձայնեցված գործում է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սակայն պատմությանը հայտնի չէ դավաճանության գեթ մեկ դեպք, երբ դավաճանը գիտակցում է իր արարքը որպես դավաճանություն: Նույնը Փաշինյանի դեպքում է: Սրա քաղաքական հայրերն ու հովանավորները մշտապես հավատացրել են, թե տարածաշրջանին խաղաղություն ու բարգավաճում է բերելու: Ինքն էլ հավատացել է, որ մի քանի հազար զոհերի արյան գնով կարող է «լավ» բան անել, փող բերել, իշխանություն պահել: Միաժամանակ պատմությանը հայտնի են հազարավոր դեպքեր, երբ դավաճանին պատժում են հենց իր պատվիրատուները, որովհետև սեփական ժողովրդին ու երկրին դավաճանողը չի կարող վստահելի գործընկեր լինել: Նիկոլից թուրքերը ստացան տարածաշրջանում կայունութնունը խաթարելու հնարավորություն և հիմա նա արդեն անպետք գործիք է՝ օգտագործված, դեն նետելու:

Երեք տարի շարունակ հասարակությունը բզկտվել է, կորցրել ինքնապաշտպանական իմունիտետը: Վերջին ընտրություններն էլ ավելի խորացրին սևի ու սպիտակի միջև փորված բաժանարար գիծը և թուրք-ադրբեջանցիները կարող են անխոչընդոտ քայլել դեպի Քյարքի, Դավալու, Քուչուկ Վեդի, Շիրազլու, Դարալագյազ, Ղամառլու, Էրիվան: Այս օտարածին տեղանունները մագնիսի պես դեպի իրենց են ձգում դարավոր թշնամուն: Նրանց արդեն դիմակ և դիվանագիտություն պետք չէ: Փոխարենը Հայաստանում ունեն վախկոտ, կամազուրկ ու իրենց առաջ կզած իշխանություն, որը մեկը մյուսի ետևից հողեր ու բնակավայրեր է հանձնում, քայքայում է սեփական բանակը, տեռորի ենթարկում անհնազանդ ընդդիմադիրներին ու դրսերից փող մուրում աշխատավարձի համար:

Բայց հիմա խնդիրը Նիկոլը չէ, այլ մեր երկրի, մեր զավակների, մեր ընտանիքների անվտանգությունը, որ արդեն մազից է կախված: Երկրում ոչ միայն իշխանություն կա, այլև ընդդիմություն, որ նույնքան պատասխանատու է այս ամենի համար: Ընդդիմության «անձնագիրը» միայն պատգամավորական մանդատը, իսկ գործիքը միայն հայտարարություններ անելը չէ: Այն որոշակի կոնսոլիդացիայի կրող է և պետք է րոպե առաջ քործուն քայլեր անի: «Մենք լծակներ չունենք» պատճառաբանությունները չեն անցնում, սահմանադրական կոռեկտության ժամանկն անցել է: Եթե ընդդիմությունը հիմա էլ լռի ու գնա «սահմանադրական տուրիզմի» արահետներով, իշխանությունների հետ հավասարապես կիսելու է հայրենադավության և հայրենազրկման պատասխանատվությունը:

 

Հեղինակ: Eduard Saribekyan